Բավ է պառակտվել
06-06-2016 10:14

Էրդողանը Գերմանիային մեղադրել է նամիբիացիների ցեղասպանության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչելու համար:
«Գերմանիա, կրկնում եմ ևս մեկ անգամ` դուք պետք է պատասխան տաք ավելի քան 100.000 նամիբիացիների կոտորածի համար»,- հայտարարել է թուրք առաջնորդը Ստամբուլի Սեբահաթին Զաիմի անվան համալսարանում ելույթի ժամանակ:
Էրդողանը հիշեցրել է նաև Հոլոքոստի մասին` նշելով, որ Գերմանիան պետք է Հայոց ցեղասպանության մասին արտահայտվի «ամենավերջինը»:
«Մեր պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ, մեր պատմությունը բարեգթության և կարեկցանքի պատմություն է, և դրանով էլ մենք տարբերվում ենք»,- ասել է թուրք առաջնորդը:
Նամիբիական ցեղասպանությունը` 1904-1907թթ. կայզերական Գերմանիայի գաղութային զորքերի կողմից հերերո և նամա ցեղերի բնակչության մինչև 80%-ի սպանությունն է Հարավ-արևմտյան Աֆրիկայում: Ընդհանուր այդ ժամանակ մահացել է մոտ 75.000 մարդ: 2004-ին Գերմանիան ընդունել է Նամիբիայում ցեղասպանության փաստը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել: