Բավ է պառակտվել
01-08-2017 11:56

Հայաստանի բնապահպանները դեմ են Սևանից լրացուցիչ ջրառին (Տեսանյութ)

Մի շարք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնել ՀՀ խորհրդարանի շենքի դիմաց, պահանջելով, որպեսզի օրենսդիրները չընդունեն Սևանա լճից 100 մլն. խոր. մետր լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը:
Բնապահպանները վստահ են, որ այդ քայլով իշխանությունները պարզապես փորձում են եկամուտ ապահովել էլեկտրաէներգիա արտադրող « Սևան-Հրազդան» կասկադի համար:
« Վարչապետը դեռևս երեք ամիս առաջ էր հանձնարարական տվել, որ իբրև թե Սևանում լրացուցիչ 1մլրդ.խորանարդ մետր ջուր է հավաքվել, և որ անհրաժեշտ է ճիշտ մեխանիզմներ մշակել այդ ջուրը տնտեսապես շահավետ կերպով երեք տարում օգտագործելու համար: Չգիտեմ, թե ով է վարչապետին նման խորհուրդ տվել, բայց նման խորհուրդ տվեղը հանցագործ է: Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա դա հանցագործություն կլինի»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Վերցվող ջրի կեսը կորում է, պարզ է, որ բնության մեջ այդ ջուրը չի կարող կորել, դա կոռուպցիոն ռիսկ է, դրա հաշվին եկամուտ կստանան, էլեկտրաէներգիա կարտադրեն և դա ինչ-որ մեկի գրպանը կգնա»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից:
Նախագծի համաձայն ռուսական ընկերությանը պատկանող կասկադ ՀԷԿ-ը լրացուցիչ ջրառի հաշվին տարեկան կարտադրի մոտ 100մլն. կՎտ լրացուցիչ էլեկտրաէներգիա: Բնապահպանները չեն հավատում կառավարության այն հավաստիացումներին, որ գոյացած գումարը փոխանցվելու է պետության արտաբյուջետային հաշվեհամարին:
« Դա անհեթեթություն է, որովհետև այդ կազմակերպությունները մասնավոր են, ինչպե՞ս պետք է օրենքի սահմաններում այդ գումարը փոխանցեն արտաբյուջետային հաշվեհամարին՝ պարզ չէ: Բացի այդ՝ ինչպես են ծախսվելու այդ հաշվեհամարին հավաքված գումարները»,- նշում են ակցիայի մասնակիցները:
70-ից ավելի կազմակերպությունների կողմից ստեղծված «SOS Սևան» նախաձեռնության անդամները պնդում են, որ այդ նախագծի իրագործումը մեծ վնաս կհասցնի Սևանի էկոհամակարգին: Ճահճացման պրոցես կսկսվի, ձկները կհայտնվեն վերացման վտանգի առաջ:
Պատգամավորներից ոչ մեկն այսօր չի մոտեցել ակցիայի մասնակիցներին: «SOS Սևան» նախաձեռնության մի քանի անդամ երեկ խորհրդարանում կազմակերպված քննարկմանը ներկայացրել էին իրենց մտավախությունները, և չնայած դրան, նրանք հույս չունեն, որ օրենքը չի ընդունվի:
« Խայտառակ իրավիճակ է, այդ մարդիկ սպառողական լոգիկա ունեն, նրանք մտածում են, որ որքան շատ վերցնեն այս երկրից, այդքան լավ կլինի իրենց գրպանի համար»,- հայտարարում են ակցիայի մասնակիցները:
Բնապահմանների համոզմամբ Սևանից վերցված ջուրը գյուղատնտեսներին գրեթե չի հասնում, չնայած որ կառավարության հիմնավորման մեջ հակառակն է պնդվում:
Նշենք, որ այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին նախագիծը, որով նախատեսվում է ներկայիս 170 մլն խոր. մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 մլն.խոր մետր ջուր: Օրինագծին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 3-ը:
Դեմ են քվեարկել միայն «Ելք» դաշինքի պատգամավորները: