Բավ է պառակտվել
23-06-2014 16:36

Էդվարդ Սնոուդենը նշում է Ռուսատանում լինելու մեկ տարին

Ուղիղ մեկ տարի է անցել, ինչ ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության մասին հայտնած ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնվել է ռուսական “Շերեմետյեվո” օդանավակայանում: Պաշտոնական Վաշինգտոնը չեղարկել էր նրա ամերիկյան անձնագիրը, ստիպելով նրան դիմելու Ռուսաստանին ժամանակավոր ապաստան խնդրելու:
2013թ. Հունիսի սկզբին The Guardian և The Washington Post թերթերում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի բացահայտվել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից սոցցանցերի օգտատերերին հետևելու փաստը: Լրատվամիջոցներում տարածվել էին նաև ԱՄՆ կառավարության PRISM, X-Keyscore 7 Tempora հատուկ գործողությունների պրոյեկտները: Մի քանի օր հետո այդ տեղեկատվության տարածման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Պենտագոնն, իր հերթին, հայտարարել էր, որ Սնոուդենը գողացել է 1.7 մլն գաղտնի փաստաթղթեր: Վերջինիս մեղադրել էին տեղեկատվության անօրինական փոխանցման մեջ, մեղադրանքը ներկայացվել էր 3 հոդվածով, որոնցից յուրաքանչյուրի կիրառումը Սնոուդենին մինչև 10 տարի ազատազրկում էր նշանակում:
Փաստաթղթերի հրապարակումից հետո Սնոուդենը փախուստի է դիմել Հոնկոնգ, որտեղից պլանավորում էր տրանզիտային չվերթով Մոսկվայով թռնել Կուբա: Սակայն “Շերեմետյեվո” օդանավակայանից ինքնաթիռը մեկնել է առանց Սնոուդենի: Պաշտոնական Վաշինգտոնը չեղարկել էր նրա անձնագիրը, որի պատճառով նա չկարողացավ լքել օդանավակայանը: Այսպիսով, 2013թ. Հունիսի 23-ից Էդվարդ Սնոուդենը գտնվում էր մոսկովյան “Շերեմետյեվո” օդանավակայանի տրանզիտային գոտում:
2013թ. Հունիսի 30-ին Wikileaks կայքի իրավական հարցերով խորհրդատու Սառա Հարիսոնը Սնոուդենի անունից օդանավակայանի հյուպատոսական բաժանմունք էր ուղարկել քաղաքական ապաստան խնդրելու մասին 21 երկրի ուղղված վերջինիս հայցերը, այդ թվում, Ավստրիային, Բոլիվիային, Բրազիլիային, Վենեսուէլային, Գերմանիային, Հնդկաստանին, Իրլանդիային, Իսպանիային, Իտալիային, Չինաստանին, Կուբային, Նիդերլանդներին, Նիկարագուային, Նորվեգիային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ֆինլանդիային և Շվեյցարիային:
Հուլիսի 11-ին Էդվարդ Սնոուդենը էլեկտրոնային փաստով օդանավակայանում հանդիպման խնդրանքով նամակներ է հղել ՌԴ-ում գործող արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպություններին, Մոսկվայում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը, ինչպես նաև ռուս իրավաբաններին: Հանդիպումից հետո պարզ է դարձել, որ Սնոուդենը պատրաստվում է ապաստան խնդրել Ռուսաստանից: 2013թ. օգոստոսի 1-ին Ռուսաստանը մեկ տարով ապաստան է տվել Սնոուդենին, իսկ սույն թվականի մայիսի 29-ին իրավաբան Անատոլի Կուչերենան հայտնել է, որ Սնոուդենը պատրաստվում է խնդրել ռուսական իշխանություններին երկարացնել նրա ապաստանի խամկետը ևս մեկ տարով:
Հունիսի 2-ին AFP գործակալությունը տեղական զլմ-ներին հղումով հայտնել է, որ Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան տրամադրելու մասին պաշտոնական նամակ է ուղարկել Բրազիլիայի իշխանություններին: