29-01-2017 20:51

Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի սահմաններին անվտանգությունը բարձրացնելու և միգրացիոն քաղաքականությունը կոշտացնելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Փաստաթղթում առկա է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու կարգադրություն՝ ապօրինի ներգաղթի և հանցավորության դեմ պայքարի նպատակով: Այդ մասին հայտարարել է սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
«Այդ ցանկապատի կառուցումը միայն նախընտրական խոստում չէ: Դա առաջին քայլն է՝ մեր թափանցիկ սահմանի իրական անվտանգությունն ապահովելու ճանապարհին»,- հայտարարել է նա:
Երկրորդ հրամանագիրը, ինչպես հաղորդվում է, ապօրինի ներգաղթյալներին պատսպարող թաղամասերի ֆինանսավորումը կրճատելու քայլեր է նախատեսում:
« Վաղը մեծ օր է սպասվում՝ ազգային անվտանգության առումով: Շատ այլ բաներից բացի մենք նաև պատ կկառուցենք»,- գրել է նա իր Twitter-ում:

Մեծ, մեծ պատ:
Նախկինում Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ Մեքսիկայի հետ սահմանին մտադիր է պատ կառուցել, և որ դա մտադիր է անել հենց Մեքսիկայի հաշվին: Այդ կետը նրա քաղաքական ծրագրի հիմնական կետերից էր, որը նաև ամենավիճելիներից մեկը դարձավ:
« Ես մեծ պատ կկառուցեմ: Չկա որևէ մեկը, ով ինձնից լավ պատեր կառուցի: Եվ հավատացեք, ես այնպես եմ կառուցում դրանք, որ թանկ չարժենան»,- 2015 թ. հունիսին հայտարարել էր Թրամփը և հավելել:- «Ես մեծ, մեծ պատ կկառուցեմ մեր Հարավային սահմանին, և կստիպեմ, որ Մեքսիկան վճարի դրա համար»:
Թրամփը ցանկապատի կառուցումը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ քննարկել էր սեպտեմբերին: Նյետոն ինքն էր Մեխիկո հրավիրել այդ ժամանակ դեռ Հանրապետականների նախագահի թեկնածուին և հասկացրել էր, որ իր երկիրը չի պատրաստվում վճարել ինչ-որ պատերի համար:
« Դոնալդ Թրամփի հետ զրույցի սկզբում ես հասկացնել տվեցի, որ Մեքսիկան չի վճարելու պատի կառուցման համար»,- հանդիպումից հետո, դեռ հուսալով, որ ընտրություններին հաղթելու է Հիլարի Քլինթոնը, նա այդ մասին գրել էր իր Twitter-ում:
Բայց այլ կերպ ստացվեց: Նախագահական ընտրություններին հաղթանակ տանելուց հետո միլիարդատերը հավանաբար հիշեց Նյետոյի հետ սեպտեմբերին կայացած իր խոսակցությունը, բայց ի զարմանս շատերի՝ իր խոսքերից չհրաժարվեց: Նա միայն պարզաբանեց, որ պատը սահմանի ողջ երկայնքով չի կառուցվի, որոշ հատվածներում բավական է սովորական ցանկապատը: Մեքսիկացիների մեծամասնությանը նման բարեհաճությունը չբավարարեց:

Բողոքի կրակ.
Հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը, Մեխիկոյում ցուցարարները ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ պատի մակետ կառուցեցին:
Իմպրովիզացված պատը բաղկացած էր կարտոնե տուփերից, և պատված էր հակաթրամփային կարգախոսերով : Վերևում ամրացված էր քաղաքական գործչի՝ պապյե-մաշեից կառուցված տիկնիկը: Ակցիայի ընթացքում ակտիվիստներն այրեցին իրենց ստեղծած կառույցը:
Չնայած դրան, տիկնիկե Թրամփի հրկիզումը որևէ կերպ չազդեց իրական Թրամփի մտադրությունների վրա: Հենց նույն օրը Սպիտակ տունը ներկայացրեց նոր աշխատակազմի ծրագիրը, որում նշվում էր նաև պատ կառուցելու ծրագրերի մասին:
«Նախագահ Թրամփը մտադիր է սահմանային պատ կառուցել՝ ապօրինի ներգաղթին վերջ դնելու և հանցավորության, բռնությունների, ինչպես նաև թմրանյութերի ճանապարհին խոչնդետ ստեղծելու նպատակով»,- ասված էր ծրագրի տեքստում:
Եվ ահա, ԱՄՆ-ի 45-րդ նախագահի մտադրությունը իրականություն է դառնում նրա հրամանագրում:

Նախագահից՝ նախագահի

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանը, որը ձգվում է 3145 կմ, դեռ մինչև Դոնալդ Թրամփի նախագահությունն էր ԱՄՆ-ի խնդիրը դարձել: Մինչ 1980-ականները սահմանը պարզապես չէր հսկվում, այն ազատորեն կարելի էր անցնել, ինչից էլ օգտվում էին հարյուրավոր մաքսանենգներ:
1990-ականներին սահմանային հսկողությունն ուժեղացավ, սակայն Մեքսիկայից ԱՄՆ-ը նարկոթրաֆիկի խնդիրը մնաց: Հենց այդ ժամանակ էլ սկսեցին խոսել ֆիզիկական պատնեշ կառուցելու անհրաժեշտության մասին:
Պատնեշի կառուցումը սկսվեց Բիլ Քլինթոնի օրոք՝1993թ. սեպտեմբերին, և շարունակվեց մինչև 2000թ.: Այդ ընթացքում Մեքսիկայի հետ Կալիֆորնիայի սահմանի ողջ երկայնքով ցանկապատ էր կառուցվել, մի քանի անգամ ավելացվել էր սահմանապահների թվաքանակը: Ամենածանր հատվածներում տեղադրվել էին անցակետեր, քաղաքային բնակավայրերի շուրջը լուսավորում էին անցկացրել: Բայց սահմանախախտները ապօրինաբար ԱՄՆ-ի տարածք ներթափանցելու համար սկսեցին բնակավայրերից ավելի հեռու գտնվող երթուղիներ օգտագործել:
2006թ. Ջորջ Բուշ-կրտսերը « անվտանգ ցանկապատի մասին» օրենք ստորագրեց, որը նախատեսում էր մոտ 1100 կմ երկարությամբ պատնեշներ կառուցել: Երեք տարի անց սահմանի երկայնքավ ցանկապատեր « աճեցին», որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 900 կմ.: Սակայն ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև եղած ավելի քան 2000 կմ երկարությամբ տարածքը բաց մնաց:
Այսօր Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին կանգնած են տասնյակ հազարավոր ամերիկյան սահմանա..
պահներ, ու չնայած դրա, ապօրինի ներգաղթի խնդիրը ԱՄՆ-ի համար շարունակում է օրհասական մնալ:
1970 թվականից ի վեր Մեքսիկայից ԱՄՆ է տեղափոխվել ավելի քան 12 մլն մարդ, որոնց կեսից ավելին՝ ապօրինի կերպով: