Բավ է պառակտվել
24-02-2016 12:31

Դիվանագիտական սկանդալ՝ Թուրքիայի և Բուլղարիայի միջև

Թուրքիայի և Բուլղարիայի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել: Այս առիթով Gisher.news-ն զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ. «Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Թուրքիա և երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի Կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին հայտարարել «persona non grata»` պահանջելով լքել երկիրը»,-նշեց մասնագետը: Թուրքագետի խոսքով՝ թուրքական մամուլի համաձայն` սրան ի պատասխան էլ Անկարան «persona non grata» է ճանաչել Ստամբուլում Բուլղարիայի հյուպատոսին` կրկին պահանջելով լքել երկիրը: «Բուլղարական մամուլը նշել է, որ Էմիրօղլուին երկրից արտաքսելը պայմանավորված է Բուլղարիայի մուսուլման բնակչության շրջանում ինչ-ինչ գործողություններով: Բայց խնդիրը կապված է ավելի խորքային պատճառների հետ, ինչը վերաբերում է Բուլղարիայում գործող «Իրավունքների և ազատության շարժում» թուրքական կուսակցության որոշ ներկայացուցիչների գործողությունների հետ»,-ասաց Լևոն Հովսեփյանը: Թուրքագետը նարև նշեց, որ բուլղարական ռադիոյին տված հարցազրույցում քաղաքական փորձագետ, Բուլղարիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Կիրչո Կիրովի համոզմամբ` հյուպատոսության թուրք աշխատակիցը գործել է թուրքական հատուկ ծառայությունների ու պետության ուղղորդմամբ:

Տաթև Առաքելյան