20-01-2014 17:13

Թուրքիայում Հ. Դինքի անունով փողոց են ուզում անվանակոչել

«Ակօս» շաբաթաթերթի կայքը տեղեկացնում է այն մասին, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալ, որով առաջարկվում է Շիշլիի փողոցներից մեկն անվանակոչել լրագրող Հրանտ Դինքի անունով։
Ըստ կայքի, առաջարկությունը նա պայմանավորել է ժողովրդի հավաքական հիշողության մեջ հիշատակը վառ պահելու նպատակով պատմության մեջ հետք թողած անձանց պատվին ճանապարհներ ու փողոցներ անվանակոչելու ավանդույթով։
Թանրըքուլուն ընդգծել է, որ Հրանտ Դինքին սպանողներին ու սպանության ետևում կանգնած կազմակերպությանը հետևողականորեն ցանկանում են թաքցնել։ «Այս հանրության մի կարևոր մասն իրենց խղճի առաջ դատապարտել է նրանց և Հրանտ Դինքին արժանի գնահատական տվել։ Դինքի հուղարկավորության արարողությանը հարյուր հազարավոր մարդիկ նրա հանդեպ տեղի ունեցածը երբեք չմոռանալու խոստում են տվել»,-ասել է Թանրըքուլուն։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2010թ.-ին Ստամբուլի նահանգապետարանը մերժել էր Դինքի անունով փողոց անվանակոչելու կոչը և նշել, որ փողոցի անվանափոխությունը հասցեների խառնաշփոթ կարող է առաջացնել։
«Առանց փողոցներ կամ այգիներ Դինքի անունով անվանակոչելու էլ Դինքի հիշատակը հանրության սրտում վառ է մնալու, սակայն նրա հարազատների և մերձավորների ցավը հարգելու համար դա կարևոր է»,-ասել է ընդդիմադիրը։