Բավ է պառակտվել
04-12-2017 10:08

Շվեյցարական գյուղը յուրաքանչյուր նոր բնակչի 25 հազ. ֆրանկ է առաջարկում

Ալբինեն ալպիական գյուղը, որը դանդաղ բայց շարունակական կերպով դատարկվում է, որոշել է պոտոնցյալ բնակիչներին գրավել գումարով: Օրերս կայացած ժողովին գյուղի բնակիչները 71 կողմ, 29 դեմ ձայներով կողմ հանդես եկան նոր բնակիչներին 25 հազար ֆրանկ վճարելու մասին նախաձեռնությանը:
Նախաձեռնության հեղինակն է դաշնային խորհրդարանի նախկին պատգամավոր, գյուղապետ Բեատ Յոստը, ով մասնագիտությամբ լրագրող է:
Նորարարական մոտեցմամբ նա մտադիր է շտկել բնակավայրի մարդագրական պատկերը: Այժմ Ալբինեն գյուղում մշտապես բնակվում է 243 մարդ, մինչդեռ ХХ դարի սկզբում նրանց թիվը եղել է 400, իսկ 2010թ. 278: Դպրոցական տարիքի երեխաներն այժմ ընդամենը յոթն են: Բնակիչների միջին տարիքը 58 տարեկանն է, մինչդեռ Շվեյցարիայում դա համարվում է 42 տարեկանը: Գյուղում վերջին 17 տարում չի կառուցվել ոչ մի նոր տուն:
Ալբինենի արժանիքների թվում է տերմալ և լեռնադահուկային Լեկերբադ հանգստավայրին մոտ լինելը։
Համեմատաբար մոտ է նաև Լոզան, Ժնև և Բեռն տանող մայրուղին։ Ճանապարհները լավն են, իսկ գյուղական շալեներում կան բոլոր հարմարությունները։ Չնայած դրան, շատ լեռնային բնակավայրեր զիջում են քաղաքների և հովտային գյուղերի հետ մրցակցությունում: Տնտեսական աշխարհագրության դոկտոր Պյեր Դեսմոնտեի խոսքերով Ալպերի հարավում գտնվող գյուղերն արդեն մեկ ու կես դար շարունակ բնակչություն են կորցնում «ոչ միայն ֆինանսական, այլ նաև բազմաթիվ այլ գործոնների պատճառով»։ Նա թերահավատորեն է մետոնում փողով նորաբնակների գրավելու Ալբինենի փորձին: Նրա խոսքերով, նրանց նյութական խրախուսումը համեմատելի է նոր բնակիչների հարկերի նվազեցման հետ կապված Շվեյցարիայի շատ այլ գյուղեր կողմից առաջարկվող ծրագրերի հետ:
Օգոստոսին ՝ Ալբինենում բնակություն հաստատելու պատրաստակամության համար յուրաքանչյուր ամուսնական զույգին 50 հազար ֆրանկ, իսկ երեխայի համար լրացուցիչ 10 հազար ֆրանկ վճարելու վերաբերյալ Յոստի նախաձեռնության ներքո ստորագրել է 100 գյուղացի: Դա բավական էր նոյեմբերի 30-ին հարցը ընդհանուր ժողովում բարձրացնելու համար:
Օգոստոսին Ալբինենը ճանաչվեց ողջ աշխարհով, և դա կատարվեց այն բանից հետո, երբ համաշխարհային մամուլը գրեց, որ շվեյցարական ալպիական գյուղում նոր բնակիչներին գումար են առաջարկում: Ալբինենը ստացավ տասնյակ հազարավոր նամակներ՝ տարբեր երկրներից: Սակայն հետաքրքրվողները շատ ավելի քիչ կլինեին, եթե հրապարակման մեջ նշվեր, որ վերաբնակեցվողները պետք է ունենան շվեյցարական քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն, ինչպես նաև այն, որ գյուղ տեղափոխվելուց հետո նրանք ստիպված կլինեն ներդնել 200 հազար ֆրանկ՝ իրենց համար սեփակիան տուն կառուցելու նպատակով: Իսկ նրանք, ովքեր տասը տարուց շուտ կլքեն Ալբինենը, ստիպված կլինեն վերադարձնել տեղական իշխանությունների տրամադրած գումարը: « Մենք ուզում ենք գրավել հինգ, կամ տասը մարդու, ոչ թե ողջ աշխարհին»,- լրագրողների հետ զրույցում կեղծ գովազդից է գանգատվել Բեատ Յոստը: