Բավ է պառակտվել
02-05-2014 10:47

Դավութօղլուն հանդիպելով հայոց պատրիարքարանի պատվիրակությանը հույս է հայտնել, որ իրենց ՛՛պարզած ձեռքը օդում չի մնա՛՛

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մայիսի 1-ին ճաշի սեղանի շուրջ հանդիպում է կազմակերպել Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանրդ. արք. Արամ Աթեշյանի գլխավորած պատվիրակության հետ՝ հույս հայտնելով, որ վարչապետ Էրդողանի ուղերձը համապատասխան արձագանք գտնի հայկական կողմում:

Թուրքական Anadolu գործակալությանը նշում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե հայկական պատվիրակության հետ հանդիպումն անցել է խիստ բարեկամական մթնոլորտում, որի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց գոհունակություն են հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի հետ կապված ուղերձի համար:

«Վարչապետի ցավակցական ուղերձը մարդկային պարտականությունն էր, որով կրկին ցույց տվեցինք, որ աշխարհի ցանկացած կետում ապրող հայի հետ երկխոսություն ստեղծելու կամք ունենք:Հուսով ենք, որ այս հողերում դարեր տեւած խաղաղությունը կշարունակվի եւ մեր պարզած խաղաղության ձեռքն օդում չի մնա»,-ասել է Դավութօղլուն:

Նշենք, որ Դավութօղլուի հետ հանդիպումից առաջ արք. Արամ Աթեշյանը հանդիպել էր նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։