Բավ է պառակտվել
14-02-2014 15:37

Դանակ, պղպեղ, նոթբուք, կռիվ. Այս ամենը հնդկական խորհրդարանում

Երեկ, Հնդկաստանի խորհրդարանում լսումները բավականին թեժ մթնոլորտում են անցել: Բանավեճերն այնքան բուռն են դարձել, որ պատգամավորները պարզապես տարվել են դրանով ու չեն կարողացել զսպել էմոցիաները: Կոտրվել է պատգամավորներից մեկի բարձրախոսը, մյուսի վրա նոթբուք է շպրտվել, իսկ ոմանց վրա պղպեղի գազ է լցվել:
Վիճաբանության պատճառը երկրի վարչապետի առաջարկն է եղել հարավային Անդհրա Պրադեշ նահանգի տարածքում Տելենգան նոր նահանգ ստեղծելու վերաբերյալ: Այս նախաձեռնությունը երկու ճամբարի է կիսել ինչպես տվյալ շրջանի բնակիչներին, այնպես էլ հնդիկ քաղաքական գործիչներին: Նոր նահանգ ստեղծելու գաղափարը սատարում են տելուգու էթնոսի ներկայացուցիչները, որոնք կազմում են Տելենգան պատմական շրջանի բնակչության հիմքը: Նրանք կարծում են, որ տեղական իշխանությունները չափազանց քիչ գումար են հատկացնում շրջանի զարգացմանը և ինքնավարություն են ցանկանում: Անդհրա Պրադեշի վարչակազմը համաձայն չէ դրա հետ և չի ցանկանում զրկվել իր մայրաքաղաքից:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ որոշ պատգամավորներ, իմանալով օրվա օրակարգը, նիստին իրենց հետ դանակներ, պղպեղի գազ և խորհրդարանի պատերի ներսում արգելված այլ առարկաներ են բերել: Նրանցից մեկն անգամ խոստացել է այրել իրեն շենքի ներսում, եթե նահանգի անջատման նախագիծն ընդունվի: