19-10-2015 14:47

Չի բացառվում ՌԴ-ի մասնակցությունը նաև ցանաքային օպերացիային

Ադրբեջանն այսօր հանգել է իր նավթագազային եկամուտների անկման խնդրին և տնտեսական ճգնաժամը հարևան երկրում գնալով մեծանում է.« Եկամուտների անկումը նույնիսկ միջնաժամկետ ապագայում կանդրադառնան Ադրբեջանի ռազմական պոտենցյալի վրա»,- այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, եթե մինչ այս Ադրբեջանն իր ռազմատնտեսական պոտենցյալով էր ուզում ազդել միջազգային կառույցների վրա, ապա այժմ, երբ գնալով խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, Ադրբեջանը կարող է ավելի անկանխատեսելի դառնալ և իր ագրեսիան արտահայտելու համար ռազմական գործողությունների դիմել:
Անդրադառնալով սիրիական հակամարտությանը քաղաքագետը նշեց, որ.«Այն ինչ տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում դա պատերազմ է, որտեղ բոլորը պայքարում են բոլորի դեմ»,- և շեշտեց, որ Ուկրաինայի ճգնաժամից հետո, ռուսական դերակատարումը այս գործընթացներում շատ զգալի է և, որ Ռուսաստանի կողմից այս օպերացիայի իրականացումը մեծապես կապված է Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ. «Սա կարծես թե փորձ է՝ դուրս գալու ուկրաինական ճգնաժամից»,- նշեց նա:
Քաղաքագետը նկատեց, որ ռուսական օդուժը բավական ժամանակ է գործողություններ է իրականացնում Սիրիայում, սակայն դեռ կորուստներ չի կրել և չնայած դրան, Սիրիական կառավարական բանակը շարունակում է թույլ մնալ: Բանախոսը նաև նկատեց, որ չնայած այն բանի, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նշել է, որ ցանաքային օպերացիայի մասնակցություն չի նախատեսում, սակայն հնարավոր է, որ ինչ-որ պահի դրա անհրաժեշտությունը ևս ծագի:
Ինչ վերաբերվում է ԻՊ-ի և «Ջաբաթ Ալ Նուսրայի» սպառնալիքներին՝ ուղղված Ռուսաստանին, ապա բանախոսը ասաց.
«Սպառնալիքները իրական են: Տեռորիստական ակտերի մակարդակով այդ գործողությունները հավանական են ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլ նաև այլ երկրներում գտնվող ռուսական դիվանագիտական կառույցների նկատմամբ»:

Մարինե Բարսեղյան