Բավ է պառակտվել
30-03-2015 10:28

Նավթի գները կարող են «ցատկել» Յեմենում պատերազմի հետևանքով

Սաուդյան Արաբիան իր դաշնակիցների հետ Յեմենում ռազմական գործողություններ է սկսել: Սաուդյան Արաբիայի հակառակորդն է Իրանը: Աշխարհի կարևոր նավթատար շրջանում սկսված հակամարտությունը կարող է հանգեցնել նավթի գների աճին: Հինգշաբթի գիշերը՝ մարտի 26-ին, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը հայտարարեց Յեմենում իշխանությունը իրենց ձեռքն առած ապստամբ հուսիթների դեմ օդային գործողությունների սկզբի մասին: Էր Րիյադի գլխավորությամբ սկիզբ առած արշավում կմասնակցեն նաև Պարսից ծոցում գտնվող հարևան երկրները, ինչպես նաև Եգիպտոսը: Գործողություններին աջակցելու մասին հայտնել են նաև այլ մուսուլմանական երկրներ՝ Հորդանանը, Մարոկոն, Պակիստանը, Սուդանը և Թուրքիան: Դա առաջին զինված հակամարտությունն է, որում Սաուդյան Արաբիան գլխավորում է պետությունների մի ամբողջ կոալիցիա 1932 թվականին թագավորության ստեղծումից ի վեր: Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի արաբական պեությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական առաջնորդն է, որի կազմում են նաև Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Քաթարը և Միացյալ Արաբական Էմիրությունները: 2000-ականների կեսերից խորհրդի անդամները քննարկում էին մաքսային, արժութային և ռազմական միավորման ստեղծումը: Խորհուրդը աջակցում է Յեմենի նախագահ Հադիին: Առայժմ Յեմենով սահմանափակված միջնորդների պատերազմը կարող է հանգեցնել նավթի գների աճին: Յեմենը խոշոր նավթարդյունաբերական երկիր չի հանդիսանում. ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության կառավարման տվյալների՝ Յեմենում օրեկան արդյունահանվում էր 39 հազար բարել, որով աշխարհում զբաղեցնում էր 39-րդ հորիզոնականը: Առավել կարևոր է երկրի աշխարհագրական դիրքը. Այն հարում է Բաբ էլ Մանդեբի նեղուցին, որով Պարսից ծոցից դեպի Եվրոպա են անցնում հիմնական նավթային ճանապարհները: Օրեկան այդ ճանապարհով անցնում է մինչև 4 մլն. բարել: Յեմենի ապստամբների դեմ ծավալված ռազմական գործողությունների օրը Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը միջինը բարձրացելէ 5%-ով: Ճիշտ է՝ հաջորդ օրը գները իջել են 2,21%-ով: Մարտի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ին, Brent նավթի մեկ բարելի գինը կազմում էր $57,88: