Բավ է պառակտվել
23-06-2016 09:10

Բրիտանացիներն այսօր ընտրություն կկատարեն. մնալ ԵՄ-ում, թե՞ ոչ

Այսօր՝ հունիսի 23-ին, Մեծ Բրիտանիայում Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվե կանցկացվի: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ժողովրդական կամարտահայտության այս ակտը համաշխարհային մասշտաբի հետեւանքների կհանգեցնի՝ քաղաքականից մինչեւ տնտեսական: Ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն հանրաքվեի հետեւանքները: Հետաքրքիր է, որ նույնիսկ հատուկ եզրույթ է ստեղծվել՝ Brexit (British Exit՝ բրիտանական ելք):

Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ անկայուն իրադրությունը, որը կստեղծվի Brexit-ի դեպքում, խուճապ կառաջացնի միջազգային շուկաներում: Մասնավորապես, «ռիսկային» ակտիվներ ունեցողները կփորձեն արագորեն ազատվել դրանցից: Այդ դեպքում կավելանա «ոչ ռիսկային» ակտիվների պահանջարկը: Դա, իր հերթին, մի շարք հետեւանքների կհանգեցնի:

Բնականաբար, քննարկումներին չէր կարող չմասնակցել հանրահայտ միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում երկրի տնտեսությանը մեծ հարված կհասցվի՝ ֆինանսական շուկայում, ներդրումների, զբաղվածության մասով: Նաեւ զգալի գնաճ է հնարավոր: Հաշվի առնելով ֆինանսական գործողությունների հարցում Սորոսի հարուստ փորձը՝ ֆունտ սթեռլինգի փոխարժեքի հնարավոր կտրուկ թուլացման մասին նրա կարծիքն ուշադրության արժանի է:

Հասկանալի է, որ Եվրամիության առաջատար անդամներից մեկի հեռանալը բացասաբար կանդրադառնա կազմակերպության մյուս երկրների տնտեսությունների վրա, ինչը կազդի նաեւ ԵՏՄ-ից մեր գործընկեր Ռուսաստանի տնտեսության վրա: Արժութային շուկայում եվրոն թուլանում է դոլարի նկատմամբ: Վերջինը, ռուսական մասնագետների կարծիքով, դիրքերը կամրապնդի նաեւ ռուսական ռուբլու հանդեպ:

Բայց Brexit-ի դեպքում հոռետեսական սցենարներից բացի, կան նաեւ իրադարձությունների զարգացման այլ տարբերակներ: Այսպես, որոշ փորձագետներ պնդում են, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը քիչ կազդի գլոբալ տնտեսության վրա:

Կանխատեսումն անշնորհակալ գործ է: Այդ թվում՝ այս հանրաքվեի արդյունքների դեպքում: Բավական է հիշել որոշ «մասնագետների կանխատեսումների» ձախողումը, որոնց մինչեւ 10 դոլարի չափով նավթի գների անկում էին կանխատեսում: Հայտնի է, որ այս օրերին նավթի Brent տեսակի ֆյուչերսների գները տատանվում են մեկ բարելը 50 դոլարի սահմաններում: Այնպես որ՝ մնում է սպասել հանրաքվեի պաշտոնական արդյունքներին: