Բավ է պառակտվել
29-07-2015 12:31

Սպիտակ տունը հրաժարվել է ներում շնորհել Էդվարդ Սնոուդենին

Սպիտակ տունը մերժեց խնդրագիրը, որը կոչ էր անում ներում շնորհել Էդվարդ Սնոուդենին, ով ամերիկյան կառավարության լրտեսական ծրագրի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի արդյունքում առաջացավ միջազգային սկանդալ և ԱՄՆ-ի ու իր գլխավոր դաշնակիցների հարաբերությունների բարդացում: Ի պատասխան խնդագրին, որը ստորագրվել է 168 հազար մարդու կողմից, ներքին անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Լիզա Մոնակոն հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը պետք է պատասխանատվության ենթարկվի: «Նա պարտավոր է վերադառնալ ԱՄՆ և ներկայանալ ատենակալներին, այլ ոչ թե թաքնվել ավտորիտար ռեժիմի թիկունքում»,-ասել է պաշտոնյան ու շարունակել.  «Ներկա պահին նա փախչում է իր արածների հետևանքներից»: 2013 թվականին Սնոուդենը հրապարակել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը` էլեկտրոնային և հեռախոսային լրտեսության վերաբերյալ, և խնդրել է քաղաքական ապաստան ՌԴ-ից: Այս սկանդալը դրդեց Վաշինգտոնին իրականացնել բարեփոխումներ, որոնք, ինչպես եզրակացրեց Սպիտակ տունը, վնաս են հասցրել ազգային անվտանգությանը: Սնոուդենի փաստաբանը Մոսկվայում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Սնոուդենին ներում շնորհել քաղաքական, այլ ոչ թե իրավական պատճառներով: