Բավ է պառակտվել
03-10-2014 18:24

Բաքվի նկատմամբ պատժամիջոցների ժամանակն է. The American Interest

Մինչ Արևմուտքն իր ուշադրությունը կենտրոնացրել է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման և Ուկրաինայի ճգնաժամի վրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունն ընդլայնել է Ադրբեջանում այլախոհների նկատմամբ հետապնդումները՝ ճնշումների, սպառնալիքների, ծեծի և ձերբակալությունների տեսքով: Անգամ ԱՄՆ քաղաքացիները և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններն են հայտնվել ռեպրեսիաների ընդլայնվող ցանցում, գրում են Դևիդ Կրամերը և Ռիչարդ Կաուզլարիչը The American Interest թերթում՝ հավելելով, որ այս գործողություններն արձագանք են պահանջում: Ինչպես նշվում է հոդվածում, Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բացի այժմ տարածաշրջանի բռնապետների ցանկում կարելի է ավելացնել նաև Իլհամ Ալիևի անունը: Հոդվածում ընդգծվում է, որ ձերբակալությունների մի ամբողջ շարքից հետո Ալիևի կառավարությունն այժմ պահում է մոտ 100 քաղբանտարկյալ՝ կրկնակի ավելի, քան Բելառուսում և Ռուսաստանում միասին վերցված: Արևմտյան և միջազգային պաշտոնյաների և կազմակերպությունների հնչեցրած մտահոգիչ և քննադատական հայտարարությունները ոչ մի արձագանք չեն ստացել Բաքվում, անգամ ՀԿ-ների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի վերաբերյալ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հնչած քննադատությունը ոչ մի ազդեցություն չի թողել, նշում են հոդվածագիրները՝ հավելելով, որ ընդհակառակը, այժմ արդեն տեղեկություններ կան, որ երկրի իշխանությունները պատրաստվում են Բաքու վերադառնալուն պես ձերբակալել հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովային: Այս մտահոգիչ միտումը շրջել փորձելու լավագույն ճանապարհը կլինի Ալիևի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը, պնդում են հոդվածագիրները: Հեղինակներն այնուհետ հիշատակում են ադրբեջանցի իրավապաշտպանների և ակտիվիստների ձերբակալությունները (Լեյլա և Արիֆ Յունուսներ, Իլգար Նասիբով, այլք), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ հնչած վիրավորական արտահայտությունները և հարձակումները: Տարիներ շարունակ Ադրբեջանի նավթի ու գազի պաշարները երկիրը պաշտպանել են այնտեղ տիրող մարդու իրավունքների սարսափելի իրավիճակը մերկացնելուց, նշում են հեղինակները՝ հավելելով, որ անգամ անցած ամիս ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ադրբեջանն առաջարկել է մասնակցել Աֆղանստանում ներդրումային և վերանորոգման ծրագրերի՝ հույս ունենալով, որ դրա շնորհիվ կկարողանա ներքին իրավիճակի առնչությամբ ներողամիտ դիրքորոշում «գնել»: «Ադրբեջանը նաև էներգիայի արտահանումից վաստակած հսկայական գումարներ է ծախսել Արևմուտքում ազդեցություն և ընկերներ գնելու համար»,- գրված է հոդվածում: Չնայած բարդ տարածաշրջանում գտնվելու Ադրբեջանի բերած փաստարկներին՝ հեղինակները համոզված են, որ աշխարհաքաղաքականությունը չպետք է Ադրբեջանին պաշտպանի իր քաղաքացիներին և արևմտյան կազմակերպություններին հանցագործների պես վերաբերելու քննադատությունից: Հեղինակների խոսքերով՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ն Բաքվի իշխանությունների նկատմամբ օրենք սահմանի՝ 2012 թվականի Սերգեյ Մագնիտսկու օրենքի օրինակով: Նրանք նաև կոչ են անում Պետդեպարտամենտին ճանապարհորդական զգուշացում հայտարարել ԱՄՆ քաղաքացիների համար՝ զգուշացնելով հնարավոր ճնշումների և ձերբակալությունների մասին:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am