29-04-2014 11:34

Ասադը 3-րդ անգամ վերընտրվելու հույսեր ունի. մտադիր է առաջադրվել

Չնայած միջազգային հանրության բացասական վերաբերմունքին, Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը առաջադրվելու է հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Ասադը հայտարարել է, որ ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնում և հույս հայտնել, որ երկրի խորհրդարանը կպաշտպանի իր թեկնածությունը:
Նշենք, որ Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:
2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:
Հիշեցնենք, որ ըստ նոր սահմանադրության, Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը: