Բավ է պառակտվել
10-12-2013 21:08

Հակահայկական տրամադրություններ Ռուսաստանի Արզամաս քաղաքում (տեսանյութ)

Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքում 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի սպանությունը քաղաքում ազգայնական ելույթներ է հրահրել, քանի որ սպանության մեջ կասկածվում են միգրանտներ, հաղորդում է epress.am-ը:

Այս hանցագործությունը մեծ աղմուկ է առաջացրել հասարակությունում։ Արդյունքում, հարբած տեղացիները սկսել են հարձակումներ գործել խանութների ու կրպակների վրա։ Քաղաք ՕՄՕՆ-ի ջոկատներ են ուղարկվել․ արդեն տասնյակ անձինք բերման են ենթարկվել։ Հաղորդվում է, որ տեղացիների ու Կենտրոնական Ասիայից ժամանածների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել հայերին պատկանող սրճարանի մոտ։ 

ProGorodNN.ru-ի  թղթակիցը հայտնում է, որ տեղի հայերը վախենում են փողոց դուրս գալ։ «Արզամասի բոլոր բնակիչներն արդեն, իհարկե, տեղյակ են Ալեքսանդր Սլակաևի սպանության ու դրան հաջորդածի մասին։ Մենք՝ այստեղ ապրող հայերս, ենթարկվում ենք ձեր հասարակության օրենքներին ու սկզբունքներին․ մենք ոչնչում մեղավոր չենք։ Ցավալի է, որ տեղացիները դա չեն հասկանում։ Ես այսօր կամ վաղն անգամ չեմ պատրաստվում փողոց դուրս գալ։ Հետաքրքիր է՝ դեռ ինչքա՞ն պետք է սպասենք, որ իրավիճակը հանդարտվի։ Ցավալի է, որ ինչ-որ կենցաղային վեճի պատճառով տուժում են քաղաքի բոլոր ոչ ռուս բնակիչները։ Ի՞նչ է, ձեր կարծիքով մենք բոլորս վա՞տն ենք։ Այստեղ համարյա բոլորն էլ հայ, ուզբեկ, ղազախ ընկեր ունեն․․․ Բայց ամբոխն այդ ամենը մոռացել է, նրանց միայն առիթ է պետք ինչ-որ բան ջարդել, ինչ-որ մեկին ծեծել»,- թղթակցի հետ զրույցում ասել է հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթը։