Բավ է պառակտվել
01-08-2015 14:53

«Հա՛յ, մեռնելո՛ւ ես». Թուրքիայի քրդամետ կուսակցության հայ համանախագահին սպառնացել են

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության Շըրնաք նահանգի կառույցի հայ համանախագահ Ասմին Քիրաչին Facebook սոցցանցում սպառնում են։ Հուլիսի 25-ին և 26-ին Քիրաչը սոցցանցով մահվան սպառնալիք է ստացել։ 
Նրան ուղղված հաղորդագրություններում հայերի ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների՝ PKK-ականների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ կան։ 
«Հա՛յ, մեռնելո՛ւ ես։ Բոլորդ PKK-ական եք, հեռացե՛ք Թուրքիայից»,- գրված է եղել նրան ուղարկված հաղորդագրություններից մեկում։ 
Քիրաչը նշում է, որ իրեն ուղղված սպառնալիքները նոր չեն. սպառնացել են նաև խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում։ 
Նա նշել է, որ նախընտրական շրջանում իր տան վրա նշան են արել՝ այնպիսի նշան, որն «Իսլամական պետություն» խմբավորումն անում է Սիրիայում քրիստոնյաների տներին։ Նույն ժամանակահատվածում նրան նաև զանգահարել են և ասել. «Տանը նստիր, թե չէ գլուխդ կկտրենք»։ 
«Այդ սպառնալիքը ոչ միայն ինձ, այլև Ստամբուլում բնակվող շատ հայերի են ուղղել։ Նրանք էլ այդ հարցում իրենց մտահոգություններ են հայտնում, սակայն չգիտենք՝ ո՞ւր գնանք, և ո՞ւմ դիմենք»,-ասել է Քիրաչը։ 
Նա նշել է, թե չի ցանկանում, որ լրագրող Հրանտ Դինքի սպանության նման դեպք կրկնվի, և հիշեցրել, որ Դինքն էլ առաջին սպառնալիքների ժամանակ ոչինչ չէր ձեռնարկել։  
Կուսակցական հայ գործիչն իր դստեր հետ է բնակվում, և նշում է, որ մտահոգվում է նաև նրա կյանքի համար։