18-03-2017 18:11

ԱՄՆ-ի զինուժը համալրվել է աշխարհի ամենահզոր լազերով

ԱՄՆ-ի զինուժը համալրվել է աշխարհի ամենահզոր լազերով, այս մասին հայտնում են մարտական լազերներ արտադրող «Lockheed Martin» կորպորացիայի մամուլի ծառայությունից: Ընկերության մասնագետները ավարտել են 60 կՎտ հզորությամբ լազերային համակարգի փորձարկումը և այն հանձնել են ամերիկյան բանակին:
Թեստավորման ընթացքում առաջին լազերային համակարգը հաջողությամբ խոցել է օդային թիրախները՝ զարգացնելով 58 կՎտ հզորություն: Համակարգը փոխանցել են ԱՄՆ-ի բանակի Հանսթվիլ քաղաքում (Ալաբամա նահանգ) տեղակայված SMDC (Space and Missile Defense Command) ստորաբաժանմանը, որտեղ այն կիրառվելու է հակահրթիռային պաշտպանության համար:
Մարտական լազերների արտադրության պայմանագիրը «Lockheed Martin» կորպորացիան ստացել է 2015թ. ապրիլին: Բազմաթիվ փորձարկումներից և պայմանագրով պահանջվող հզորության մեծացումից (60 կՎտ) հետո համակարգը պատրաստ է շահագործմանը: Հայտնի է, որ նախագծողները համակարգի կառուցվածքում հզորության կրկնակի ավելացման հնարավորություն են ներդրել (մինչև 120 կՎտ):
Ընկերության հայտարարությունում ասված է, որ համակարգը հիմնված է մանրաթելային լազերների լուսապատկերային համատեղման տեխնոլոգիայի վրա:
Լազերի յուրաքանչյուր ճառագայթ ունի իր անձնական ալիքի երկարությունը, իսկ հատուկ համակարգում դրանք միավորվում են մեկ հզոր փնջի մեջ: Նման տեխնիկական լուծումը համակարգին թույլ է տալիս պինդ մարմնային լազերներից երկու անգամ ավելի քիչ էներգիա օգտագործել: Նորագույն լազերային համակարգի այլ բնութագրեր նախագծողները չեն բացահայտում:
Ամերիկայի զինվորականները նախատեսում են մարտական լազերները կիրառել հակառակորդի տրանսպորտային միջոցները, անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև հրթիռներն ու ականանետների ականները խոցելու նպատակով:
Նախագծողները երաշխավորում են լազերային համակարգի դիմացկունությունը, քանի որ բազմամոդուլային համակարգի կիրառման շնորհիվ մի մոդուլի շարքից դուրս գալը համակարգի համար կրիտիկական չի լինի: