Բավ է պառակտվել
15-11-2017 21:03

ՀՀ-ն մտահոգված է Թուրքիայի հետ ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման խնդրով. Վարչապետ

Հայաստանը մտահոգված է Թուրքիայի հետ ջրային ռեսուրսների բաշխման խնդրով, այս մասին չորեքշաբթի օրըԱզգային ժողովում տեղի ունեցած կառավարության ժամի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ էկոլոգիայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը Թուրքիային պահանջներ է ներկայացնելու՝ կապված Ախուրյանի ջրամբարի հետ, դրա ցամաքելու հնարավորությունը բացառելու նպատակով: Ջրամբարն օգտագործվում է միանգամից երկու երկրի՝ Հայաստանի և Թուրքիայի կողմից, որոնք պետք է գործեն համաձայնեցված: Սակայն թուրքական կողմը գերազանցում է ջրառի թույլատրելի ծավալները և խուսափում է ՀՀ-ի հետ համագործակցությունից:

« Մեզ մտահոգում է Թուրքիայի հետ ջրային ռեսուրսները կիսելու հարցը, մանավանդ, որ թուրքական կողմը շարունակում է այնտեղ նոր ջրամբարների կառուցումը, ինչն էլ կրճատում է մեր ջրային ռեսուրսների ծավալը»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքերով, խնդրի լուծման նպատակով կառավարությունը ջրային ռազմավարություն է մշակում: Մասնավորապես ծրագրվում է օգտագործել փոքր ու միջին ջրամբարները՝ էկոլոգիական խնդիրները լուծելու և շրջանների բնակիչներին ջրով ապահովելու համար:

Կարեն Կարապետյանը նշել է, որ այժմ պոտենցյալ գործընկերոջ հետ մշակվում է Կապսի ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Քննարկվում է նաև հետագայում այն Արմավիր ուղղելու հարցը, ինչն Ախուրյանի ջրամբարի օգտագործումն ավելի կառավարելի կդարձնի՝ ընդ որում հօգուտ մեզ:

ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերում ծրագրվում է երկու նոր ջրամբարների կառուցում, որոնց ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 90 մլն խորանարդ մետր:

Կապսում (Շիրակի մարզ) ջրամբարի կառուցումը կկազմակերպվի երկու փուլով: Առաջին փուլում կկառուցվի 25 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որի արժեքը կկազմի 60 միլիոն դոլար, իսկ երկրորդ փուլում նախատեսվում էջրամբարի ծավալն ավելացնել, հասցնելով 60 միլիոն խորանարդ մետրի: Ջրամբարի նախագծումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2017թ. տարեվերջ, իսկ 2018 թվականին դրա կառուցման համար կհայտարարվի մրցույթ: Ջրամբարը կսպասարկի ոչ միայն Շիրակի մարզը, այլ նաև Արագածոտնի մարզի որոշ համայնքներ:

Հայաստանում կա 80 ջրամբար, որոնց ընդհանուր տարողությունը կազմում է 1,1 միլիարդ խորանարդ մետր: Գարնան տվյալներով դրանք լիցքավորվել էին 570 միլիոն խորանարդ մետրով: