Բավ է պառակտվել
07-05-2014 16:02

«Սիրիայի նախագահական ընտրությունները ձևական և քարոզչական բնույթ են կրում».արաբագետ

«Նախագահական ընտրությունների անցկացումով սիրիական իշխանությունները փորձում են առնվազն պահպանել ներկա դիրքային իրավիճակը ներքին հակամարտության քաղաքական տիրույթում»,-gisher.news-ի հետ զրուցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Արաբագետի խոսքով՝ Սիրիական հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նվիրված ժնևյան գործընթացի փաստացի տապալումը՝ պայմանավորված դրա գլխավոր կազմակերպիչների՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական հիմնախնդրի պատճառով ծագած լուրջ դիմակայությամբ, մղում է սիրիական վարչակարգին՝ քայլեր ձեռնարկելու՝ միտված հակամարտության թե′ ռազմական և թե′ քաղաքական հարթություններում առնվազն ուժերի ներկա հարաբերակցության պահպանմանը. «Հենց այս համատեքստում պետք է դիտարկել ինչպես վերջին շրջանում Սիրիայի ողջ տարածքում ռազմական գործողությունների բավականաչափ ակտիվացումն, այնպես էլ՝ նախագահական ընտրությունների անցկացումը»,-ընդգծեց փորձագետը: Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին, ապա, ըստ Արմեն Պետրոսյանի, այն Սիրիայի պատմության ընթացքում աննախադեպ է: «Եթե մինչ այս հայր և որդի Ասադներն ընտրվել են համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, ապա նոր ընտրական օրենքի համաձայն` Սիրիայի նախագահի թեկնածու կարող է լինել 40 տարին լրացած, վերջին 10 տարիներին Սիրիայում բնակված յուրաքանչյուր ոք, ով չունի օտարերկրյա քաղաքացիություն և ստացել է երկրի խորհրդարանի 250 պատգամավորներից առնվազն 35-ի աջակցությունը»,-մանրամասնեց զրուցակիցս և հավելեց. «Այս առումով, ինչպես և սպասվում էր Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար դիմած 24 հավակնորդներից հաստատեց ընդամենը 3-ի թեկնածությունը. առաջադրված թեկնածուներից միայն գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ներսիրիական «լոյալ» ընդդիմության ներկայացուցիչներ 43-ամյա հալեպցի կոմունիստ և խորհրդարանի պատգամավոր Մահիր Աբդ ալ-Հաֆիզ Հաջարը և 54-ամյա գործարար, նախկին պետնախարար Հասան Աբդ Ալլահ ալ-Նուրին ստացան Ժողովրդական խորհրդի 35 պատգամավորի աջակցությունը»: Անրադառնալով ՍԱՀ գործող նախագահի հիմնական գաղափարական ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք հիմնականում գտնվում են արտերկրում, փորձագետը նշեց, որ նրանք բնականաբար կբոյկոտեն ընտրությունները, քանի որ անգամ ցանկության դեպքում երկրի նոր ընտրական օրենքի առանձին դրույթներ հնարավորություն չեն ընձեռում նրանց՝ մասնակցելու ընտրական գործընթացին: «Նման պայմաններում, ըստ էության, ոչ մեկի, այդ թվում նույն «ընդդիմադիր» թեկնածուների մոտ կասկած չի կարող հարուցել ընտրությունների կայացման պարագայում Բաշար ալ-Ասադի հաղթանակի հնարավորությունը: Մինչդեռ կանխատեսելի է նաև «հակառակորդ ճամբարի» հակաքայլը»-ասաց նա: Արաբագետը նաև համոզմունք հայտնեց, որ սիրիական վարչակարգի և՛ ներքին, և՛ արտաքին հակառակորդներից որևէ մեկը չի ճանաչի Արաբական Հանրապետությունում անցկացվելիք ընտրություններն, ավելին, գործող վարչակարգի դեմ էլ ավելի կաճեն համակողմանի ճնշումները, նաև մեղադրանքներն առ այն, որ Դամասկոսը տապալում է ժնևյան գործընթացի արդյունքները. ի դեպ, այս վերջինի մասին արդեն իսկ հայտարարել են արևմտյան մի շարք պետությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: «Այս համատեքստում, անհերքելի է, որ մինչև հունիսի 3-ը, երկրում աննախադեպ կերպով կթեժանան ռազմական գործողությունները, չի բացառվում նաև արտաքին ուժերի կողմից առավել վճռական քայլերը, որոնք ուղղված կլինեն Սիրիայի ներսում իրավիճակի որակական փոփոխությանը Ինչ վերաբերում է ընտրությունների բնույթին, ապա երկրում անընդհատ թեժացող զինված առճակատման պայմաններում, երբ Սիրիայի տարածքը հիմնականում բաժանված է առանձին ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների, երբ առկա են ավելի քան 2.3 մլն փախստականներ, նրանցից մոտ 3 անգամ ավելի թվով ներքին տեղահանվածներ, այսօրինակ քաղաքական միջոցառումների անցկացումն առավելապես ձևական և քարոզչական բնույթ է կրում »,-եզրափակեց Արմեն Պետրսյանը: 

Տաթև Առաքելյան