12-09-2014 17:12

Արևմտյան կոալիցիան և ԻՊ-ի դեմ կազմակերպված ռազմարշավի հնարավորությունները

««Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձերը, կարծես, առավելապես նյութական, հոգեբանական արդյունք են կանխատեսում»,-news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա՝ չնայած պաշտոնապես հայտարարվում է ամերիկյան ջանքերին մոտ 40 պետությունների կողմից տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, այնուամենայնիվ, Վաշինգտոնի նախաձեռնած տարբեր հանդիպումներից, խորհրդակցություններից սպրդած տեղեկատվության համաձայն, իսլամական ծայրահեղ արմատական կառույցի դեմ իրականացվելիք բուն ռազմարշավում Միացյալ Նահանգները, կարծես, միայնակ է մնում. խոստացվող օժանդակությունն առավելապես թիկունքային է, մարդասիրական, հոգեբանական: «Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվել են ՆԱՏՕ-ի շրջանակներում Վաշինգտոնի առանցքային դաշնակիցներ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, որոնց աջակցությունը հիմնականում կկրի նյութական և մարդասիրական բնույթ»,-ընդգծեց փորձագետն ու ավելացրեց. «Չափազանց կարևոր մեկ հանգամանք ևս՝ ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության՝ բացառապես հումաnիտար բնույթի օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին են հայտնել նաև Մերձավոր Արևելքում դաշինքի միակ անդամ Թուրքիայի իշխանությունները, որին սահմանակից Իրաքի և Սիրիայի առանձին շրջաններում են նաև իրականացվելու ավիահարվածներն. իրավիճակում որոշակի հստակություն մտցնելու նպատակով Էր Ռիադից Անկարա է շտապում կոալիցիայի «կնքահայր» ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին»: Արմեն Պետրոսյանը նաև հստակեցրեց, թե դժվար չէ ենթադրել, որ վերը թվարկված պետություններից բուն ռազմարշավին մասնակցելու ռազմական ներուժ ունեն Իտալիան, Ֆրանսիան, Կանադան. սահմանափակ առարկայական մասնակցության հավանականություն կա, թերևս, վերջին երկու պետությունների կողմից:
«Ստացվում է՝ Վաշինգտոնն, ըստ էության միայնակ է մնում ԻՊ-ի դեմ պայքարում: Կարծես՝ ԱՄՆ-ին թողնում են միայնակ «վայելելու այն ճաշը», որն արդեն ավելի քան տասը տարի եփվում է նույն Իրաքում հենց ԱՄՆ-ի նախաձեռնությամբ»,-ասաց զրուցակիցս:
Արաբագետի խոսքով՝ գուցե դաշնակիցների՝ առավել առարկայական մասնակցությունից հրաժարվելու հանգամանքը պայմանավորված է բարձր աստիճանի թերահավատությամբ՝ հիմնավորված նախ անցյալի փորձով, ապա՝ բացառապես օդային գործողությունների և իրաքյան բանակին, քրդական փեշմարգային ու սիրիական չափավոր ընդդիմությանը ցուցաբերվելիք ռազմական աջակցության միջոցով իսլամականների դեմ արագ և արդյունավետ պայքար մղելու հնարավորությամբ:
Ինչ վերաբերում է ռազմարշավի արդյունավետությանն,ըստ փորձագետի, ապա բնական է, որ ամերիկյան օդուժի գործողությունները կունենան լուրջ ազդեցություն, կպատճառեն էական վնաս ԻՊ-ին, մինչդեռ խոսել կառույցի վերջնական ոչնչացման մասին, իհարկե, միամտություն կլինի:
«Վերոնշյալի համատեքստում, «Իսլամական պետության» դեմ հայտարարված միջազգային պայքարի բովանդակության մեջ առկա են որոշ ռազմավարական թերություններ, որոնք նախ և առաջ կարելի է պայմանավորել տարածաշրջանային իրողություններով, միջազգային հարաբերություններում առկա խնդրահարույց դիրքային հարաբերակցությամբ, նաև՝ Արևմուտքի համար սկզբունքային կարևորություն ունեցող հանգամանքներով»,-նշեց նա հավելելով, որ ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարի համար առաջնային նախապայման է կառույցի նյութական և մարդկային ռեսուրսների սնուցման ուղիներն արգելափակելու հիմնախնդիրն: Պարոն Պետրոսյանի խոսքով՝ մյուս բացթողումը՝ համատեղ պայքարին մասնակցելու հնարավորություն չի ընձեռնվել նախ տարածաշրջանային գործընթացներում էական ազդեցություն ունեցող Ռուսաստանին ու Իրանին, ապա նաև՝ արևմտյան դաշինքի կողմից «սեփական ժողովրդին կոտորող բռնապետ» հռչակված Բաշար ալ-Ասադի վարչակարգին:
Միով բանիվ, արդեն տևական ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսային իրավիճակի ոչ միայն հանգուցալուծման հեռանկարն է չափազանց մշուշոտ, այլև՝ անկանխատեսելիության գործակիցն է բավականաչափ բարձր:

Տաթև Առաքելյան