29-01-2014 15:39

ՙԺնևում ձեռք բերված որևէ պայմանավորվածության կենսագործման հեռանկարների հավանականությունը հանգում է նվազագույնի…՚. արաբագետ

 Ամբողջ աշխարհի ուշադրությունը շարունակում է գամված մնալ շվեյցարական Ժնև քաղաքում շարունակվող սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը միտված համաժողովի ընթացքին: News.gisher.ru-ուն ևս կարևորելով այս համաժողովը սպասելիքների ու ընթացքի մասին զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: ՙՀամաժողովն արդեն թևակոխել է հակամարտ կողմերի միջև ուղղակի բանակցությունների շրջափուլ: Սակայն այդ շփումները շատ հաճախ տեղի են ունենում անուղղակի կերպով՝ միջնորդավորված ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ ալ Ախդար ալ Իբրահիմի կողմից: Հենց բանակցությունների նման ձևաչափն էլ, ըստ էության, համարվում է «ժնև 2»-ի կարևորագույն ձեռքբերումը՚,-ասաց արաբագետը: Նրա խոսքով՝ շուրջ երեք տարի շարունակվող սիրիական ճգնաժամի ընթացքում՝ հաշվի առնելով անգամ այն հանգամանքը, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունն ամենևին էլ չի ներկայացնում հենց Սիրիայի ներսում առանցքային դերակատարություն ունեցող ուժերի համապատկերը, հետևաբար Ժնևում ձեռք բերված որևէ պայմանավորվածության կենսագործման հեռանկարների հավանականությունը հանգում է նվազագույնի: Այս համատեքստում, ըստ Արմեն Պետրոսյանի, պետք է փաստել, որ միջազգային միջնորդների ջանքերով նախաձեռնված միջազգային համաժողովում առավելապես գերակայում է ձևական կողմն, այլ ոչ՝ բնավ բովանդակայինը: Եվ չնայած այն հանգամանքին, որ ուղղակի բանակցությունները չափազանց դանդաղ են առաջընթաց արձանագրում, իսկ դրանցում քննարկման դրված հարցերն ընդամենն ածանցյալ են Սիրիայում առկա իրական հիմնախնդիրների և բավականաչափ հեռու են անգամ Ժնև ժամանած հակամարտ պատվիրակությունների ներկայացրած բուն պահանջների համախմբից, այնուամենայնիվ, դեռ կորած չեն հույսերը՝ «Ժնև 2»-ի հիմնական առաքելությանը հասնելու այն է. ՙՍիրիական հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացի մեկնարկը, որը կարող է արտացոլվել, ասենք, համաժողովի եզրափակիչ հայտարարության, գուցե հռչակագրի տեսքով կամ գոնե տեքստում ամփոփված որոշ դրույթների միջոցով՚, -նշեց փորձագետն ու ավելացրեց. ՙԳործընթացի շարունակականության ապահովումը և կողմերի առաջադրած ածանցյալ խնդիրների լուծումն էլ մնում են միջազգային հանրության ուսերին: Թերևս, ողջ գործընթացի կարևորագույն գաղափարն այն է, որ սիրիական հակամարտության հատկապես արտաքին դերակատարները գիտակցեն Ժնևյան համաժողովի հանգուցային լինելու հանգամանքը, քանի որ Սիրիայի ներսում տեղի ունեցող գործընթացները և հատկապես դրանց համամարդկային սպառնալիքներն արդեն իսկ վճռական մոտեցումներ են պահանջում՚,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը: