13-02-2014 14:40

ՙՍիրիայում որոշակի թվով ադրբեջանցի զինյալներ հանդես են գալիս ի աջակցություն գործող իշխանությունների՚. արաբագետ

ՙՄերձավոր Արևելքում ներկայում ծավալվող գործընթացները, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամը և դրա ուղղակի ազդեցությունը Սիրիայի հարևան պետությունների, մասնավորապես՝ Իրաքի և Լիբանանի վրա, հանգեցրել են իսլամական արմատական նաև ծայրահեղ արմատական տրամադրությունների աճի՚,- news.gisher.ru-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Արաբագետի խոսքով՝ մուսուլմանական և իսլամադավան փոքրամասնություններ ունեցող աշխարհի 50-80 երկրներից, չի դադարում «ջիհադականների» ներհոսքը դեպի Սիրիա՝ անգամ այդ երկրի հարավ-արևմտյան հարևան Իսրայելից: ՙՍիրիայում իշխող վարչակարգի դեմ ընթացող պայքարից անմասն չեն մնացել նաև Հայաստանի բոլոր անմիջական հարևան պետությունները: Այս համատեքստում, իրավիճակը հատկապես խնդրահարույց է նախ և առաջ Թուրքիայի համար, որի՝ Սիրիայի հետ ունեցած սահմանը, բառի բուն իմաստով, վերածվել է տարանցիկ գոտու՝ տարբեր երկրներից Սիրիայում մղվող «ջիհադին» մասնակցելու նպատակով տարածաշրջան ժամանած իսլամականների համար՚,- ընդգծեց Պրն Պետրոսյանը: Ըստ զրուցակցիս, Թուրքիան ուղղակիորեն կրում է սիրիական ճգնաժամի անմիջական հետևանքներն. այս երկրում ապաստանած սիրիացի փախստականների թիվն արդեն 2014թ. կհատի 1 մլն-ի շեմը: ՙՊետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ տարեսկզբին Սիրիայում սպանված ադրբեջանցի վարձկանների վերաբերյալ առավել հաճախ ստացվող տեղեկատվությունը ակնհայտ խուճապային իրավիճակ է ստեղծել արդեն ՀՀ արևելյան հարևան Ադրբեջանում: Իսկ դրա ամենավառ ապացույցն այն է, որ վերջին օրերին թեման գտնվում է ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության առանցքում՚, ասաց արաբագետն ու հիշեցրեց, որ Կովկասի մուսուլմանների վարչությունը հունվարի 28-ին հրապարակել էր ֆեթվա, որով դատապարտվում էր Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը սիրիական հակամարտությանը. վերոնշյալ հայտարարության մեջ հատուկ ընդգծվում էր այն հանգամանքը, որ Սիրիայում զոհված ադրբեջանցիները չեն կարող համարվել ‹‹շահիդ›› (սուրբ գործի համար նահատակված), և հատուկ ուղերձ էր պարունակում Ղարաբաղի համար մղվելիք պատերազմի առնչությամբ: Նա նաև տեղեկացրեց, որ հենց ադրբեջանական աղբյուրների տրամադրած հաղորդումների համաձայն՝ Սիրիայում այսօր կռվում է 250-300 ադրբեջանցի, զոհվել է ավելի քան 100-ը, իսկ ըստ այլ հետախուզկան տվյլաների՝ թե՛ գործող վարձկանների, թե՛ սպանվածների թիվը առնվազն կրկնակի անգամ ավել է և ակնհայտ աճման միտումներ ունի: ՙԱյս համատեքստում, թերևս հիշատակման է արժանի ևս մեկ ուշագրավ հանգամանք. Սիրիայում որոշակի թվով ադրբեջանցի զինյալներ էլ կռվում են ի աջակցություն գործող իշխանությունների, այսինքն՝ ստացվում է՝ ադրբեջանցիները Սիրիայում կռվում են նաև միմյանց դեմ՚, -եզրափակեց արաբագետը: