Բավ է պառակտվել
24-03-2015 08:15

Հնեաբանները հայտնաբերել են Սերվանտեսի աճյունի մնացորդները

Իսպանացի գիտնականները հայտնել են այն մասին, որ իրենք հայտնաբերել են կմախքներ, որոնք կարող էին պատկանել Միգել Սերվանտեսին և նրա կնոջը՝ Կաթալինա դը Սալազարին: Հնեաբանները 2014 թվականից աշխատում էին Մադրիդում գտնվող կանացի մենաստանում. նրանց հայտնի էր, որ գրողը խնդրել էր իրեն հուղարկավորել հենց այնտեղ: Ի սզբանե գրողի հուղարկավորման վայրը հայտնի չէր, սակայն 1673 թվականին մենաստանի վերանորոգումից հետո նրա գերեզմանը կորել էր: 2015 թվականի սկզբին գիտնականները հայտնաբերեցին դամբարան, որում կար շուրջ տաս աճյուն: Հնեաբանները համոզված են, որ դամբարանում գտնվում է նաև Սերվանտեսի աճյունը, որովհետև դամբարանի խորշերից մեկի մոտ փորագրված են «Մ.Ս.» անվան առաջին տառերը: Թեև երկու կմախքներն էլ վատ են պահպանվել, սակայն որոշ հատկանիշներով (օրինակ՝ Սերվանտեսի կողմից զինծառայության տարիներին ստացած վնասվածքները, այն հայտնի փաստը, որ մահվան պահին նա ընդամենը վեց ատամ ուներ) թույլ են տալիս գիտնականներին հայտարարել, որ նրանք հայտնաբերել են հենց Սերվանտեսի և նրա կնոջ աճյունի մնացորդները: Նրանց անձը վերջնականապես հաստատելու դեպքում գրողի աճյունը կրկին կհուղարկավորվի նույն մենաստանում, որ գործում է առ այսօր: Միգել դը Սերվանտես Սահավեդրան՝ հայտնի «Խորամանկ և հնարամիտ Դոն Կիշոտ Լամանչացին» գրքի հեղինակը, մահացել է Մադրիդում՝ 1616 թվականի ապրիլի 22-ին: 2015 թվականին նշվում է «Դոն Կիշոտի» երկրորդ մասին հրապարակման 400-ամյակը: