19-02-2014 10:50

"«Ժնև 2» համաժողովի երկրորդ փուլը ևս անարդյունավետ եղավ". արաբագետ

Սիրիան շուրջ երեք տարի է, ինչ շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: News.gisher.ru-ն ևս կարևորում է այս խնդիրն ու հաճախակի, մասնագետների օգնությամբ, փորձում պարզել նոր զարգացումներն ու հանգուցալուծման ուղիները: Այս այնագամ մեր խնդանքով վերլուծություններ է անում արաբագետ Արմեն Պետրոսյանն ում խոսքով՝ Սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը նվիրված «Ժնև 2» համաժողովի երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 10-15-ը դարձյալ ժնև քաղաքում՝ արդեն միայն հակամարտ կողմերի՝ սիրիական կառավարական և արտասիրիական ընդդիմությունը ներկայացնող «ՍԸՀՈՒԿ-ի» պատվիրակությունների միջև՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ ալ-Ախդար ալ-Իբրահիմիի միջնորդությամբ, նույնպես չարձանագրվեց որևէ էական առաջընթաց հիմնախնդրի կարգավորման առնչությամբ: ՙԱյս փուլում ևս հակամարտ կողմերը չդրսևորեցին անհրաժեշտ պատրաստակամություն՝ խնդրո առարկա թեմաներն, ըստ էության քննարկելու, փոխհամաձայնության հանգելու ուղղությամբ, նրանց մոտ բացակայում էր զիջումների գնալու անկեղծ ցանկությունը, շահագրգռվածությունը՚,-ընգծեց արաբագետը: Վերջինիս խոսքով, դրա պատճառները գրեթե նույնն են, ինչ ժնևյան գործընթացի առաջին փուլում. դրանք ունեն մի կողմից ներսիրիական ուղղվածություն, մյուս կողմից՝ արտաքին: ՙՀակամարտ կողմերից յուրաքանչյուրը անզիջում մնաց սեփական կարծր դիրքորոշման տեսանկյունից՝ բանակցությունների սեղանին պնդելով իր համար շահեկան խնդիրների քննարկման առաջնահերթությունը՚,-նշեց Արմեն Պետրոսյանն ու հավելեց, որ կառավարական պատվիրակության համար առաջնային է Սիրիայի տարածքում ստեղծված ահաբեկչական սպառնալիքի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունն, իսկ ընդդիմության համար՝ երկրի կառավարման անցումային մարմնի ստեղծմանը նվիրված հարցերը, որն էլ պետք է հետամուտ լինի մյուս պայմանավորվածությունների իրականացման գործընթացին: ՙՆման մթնոլորտում, և դրան հավելած նաև արտաքին խաղացողների ոչ հետևողական կեցվածքը, փոխադարձ մեղադրանքները բանակցային գործընթացի ընթացքում, ինչպես նաև սիրիական հակամարտության մեջ ներգրավված արտատարածաշրջանային խաղացողների և որոշ մերձավորարևելյան դերակատարների գործելաոճում նկատվող նոր միտումները արդեն ոչ բանակցային գործընթացի շրջանակներում, հնարավորություն չտվեցին որևէ էական առաջընթաց գրանցելու Ժնևում՚,-համոզված է փորձագետը: Ըստ նար ուշադրության է արժան նաև այն հանգամանքը, որ չնայած ժնևյան գործընթացի անարդյունավետությանը, կողմերը դրսևորում են կառուցողական մոտեցում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բանակցությունները և նախնական համաձայնություն հայտնելով գործընթացի հաջորդ փուլի օրակարգի շուրջ, որն, ըստ էության, գրեթե կրկնելու է երկրորդ փուլի թեմաներն, այն է՝ նախ ահաբեկչության դեմ պայքարի և բռնությունների կանխարգելման հարցը, անցումային կառավարող մարմնի ստեղծումը, Սիրիայում համերաշխության և ազգային երկխոսության մթնոլորտի ձևավորումը: ՙԱնգամ այս պարագայում, պարզ է, որ առանց քաղաքական կամքի դրսևորման, առանց գլխավոր միջնորդների հետևողականության, ընդամենը ձևաչափը պահպանելու նկատառումներով կողմերը դեռ շատ անգամներ կարող են մեկնել Ժնև և ձեռնունայն վերադառնալ՚,-կարծում է արաբագետը: Հետևաբար, նաև ընդգծում, որ տրամաբանական է նաև գլխավոր միջնորդի մոտեցումը խնդրին՝ հաջորդ հանդիպումը կազմակերպել միայն այն պարագայում, երբ վերոնշյալ խոչընդոտների հաղթահարման հարցում շոշափելի տեղաշարժեր կնկատվեն և առկա կլինեն անհրաժեշտ նախադրյալներ: