Բավ է պառակտվել
19-05-2016 07:33

Անկարա. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական չարաշահում է

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախանշված քվեարկությունը «քաղաքական չարաշահում է» անվանել:
Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը: Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ»:
«Հունիսի 2-ին գերմանական խորհրդարանում քվեարկություն է նախատեսված այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանությունը շատ լուրջ մեղադրանք է և խոսել այդ մասին առանց պատմական ու իրավական փաստարկների` քաղաքական չարաշահում է»,-հայտարարել է Քալինը Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ցեղասպանության մեղադրանքը պետք է «իրավական հիմք ունենա և հենվի դատական որոշման վրա»: Քալինը հիշեցրել է, որ Անկարան «առաջարկել էր պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծել` «ուսումնասիրելու համար 1915-ի ողբերգական դեպքերի հարցը»:
«Մեր նախաձեռնությունն արձագանք չստացավ ոչ Հայաստանում, ոչ էլ ցեղասպանության մասին թեզին սատարող պետություններում:…Մեր առաջարկությունը դեռ ուժի մեջ է: Մենք կարծում ենք, որ պատմաբանների համապարփակ աշխատանքը նվաճում կլինի ինչպես Թուրքիայի, այդ թվում հայազգի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանում բնակվող հայերի ու սփյուռքահայերի համար»,-ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: