Բավ է պառակտվել
24-09-2014 11:31

Լոս Անջելեսում դատապարտվել են ՛՛Հայկական ուժ՛՛ խմբավորման վերջին անդամները

Լոս Անջելեսում դատապարտվել է «Հայկական ուժ» խմբավորման վերջին անդամներից մեկը: Դա տեղի է ունեցել սենսացիոն գործերի շրջանակում, որոնք հարուցվել են խմբավորման դեմ դեռևս 2011-ին և ներառում են ընդհանուր առմամբ 90 մեղադրյալ, գրում է BBC News-ը:
Տեղական դաշնային դատախազությունից հայտնել են, որ առայժմ նրանցից միայն երկու կամ երեք հոգի չեն դատապարտվել:
«Հայկական ուժ» («Armenian Power») խմբավորումը ձևավորվել է 1980-ականներին Լոս Անջելեսում, որի կազմում հաշվվում է մոտ 250 լիիրավ անդամ՝ մի քանի հարյուր հետևորդներով:
Ինչպես նմանատիպ այլ կազմավորումներ, խումբը սկզբնական շրջանում ձևավորվել է օտարներից և մրցակիցներից պաշտպանվելու համար, սակայն հետագայում վերափոխվել է հանցախմբի, որը զբաղվում է ամեն ինչով՝ սկսած սպանություններից և խարդախություններից, վերջացրած շորթմամբ և բանկերի թալանով:
Հանցախմբի 36-ամյա անդամ Արամ Շարոպետրոսյանը՝ «Ձի» մականունով, մեղավոր է ճանաչվել հանցավոր դավադրության և դրամաշորթության համար և այժմ Լոս Անջելեսի դատարանի կողմից դատապարտվել է 16 տարվա ազատազրկման:
Հանցախումբը տվյալ դեպքում անձանց բանկերի հաշիվների թալանով է զբաղվել՝ հիմնականում թիրախ ընտրելով տարեց մարդկանց, ովքեր մի քանի հաշիվ ունեն և չեն կարող հետևել դրանց ընթացքին:
Հանցախմբի անդամները կաշառել են բանկի աշխատակիցներին, և վերջիններս բանկային գաղտնի տեղեկություններ են տրամադրել հանցագործներին:
Ընդհանուր առմամբ, հանցագործների գործողություններից տուժածներին հասցվել է 8 մլն դոլարի վնաս: