06-09-2014 10:11

ԱՄՆ-ը ռմբակոծել է ՛՛Իսլամական պետության՛՛ դիրքերը

Հինգշաբթի և ուրբաթ օրերին ամերիկյան կործանիչները, ռմբակոծիչներն ու անօդաչու թռչող սարքերը մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Մոսուլ քաղաքի և Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն հանդիսացող Էրբիլ քաղաքի մոտ: Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

Հարձակումների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների դիտորդական կետը, զրահապատ և մարտական մեքենաներ, բեռնատար և 3 ականանետային դիրքեր:

Օգոստոսի 8-ից գրոհայինների դիրքերին հասցված հարվածների ընդհանուր թիվը կազում է 131:

Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ահաբեկիչների դեմ պայքարել ոչ միայն ռազմական մեթոդներով, այլև քաղաքական-դիվանագիտական գործիքների օգնությամբ:

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-ին պետքարտուղար Ջոն Քերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հայտնել էր, որ Վաշինգտոնը 10 դաշնակից երկրների մասնակցությամբ կոալիցիա է ստեղծում՝ Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: