Բավ է պառակտվել
11-09-2014 09:21

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13-րդ տարի է անցել

Այսօր լրանում է ԱՄՆ–ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13-րդ տարելիցը: ԱՄՆ-ում առաջին անգամ զոհերի ընտանիքների համար կբացվի երկար սպասված Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիրը և թանգարանը հիշատակման արարողությունից հետո, գրում է New York Daily News-ը:
Առաջին անգամ նաև հասարակությունը կկարողանա մուտք գործել հուշահամալիր ժամը 6-ից հետո: Ինչպես նշում է պարբերականը, տարելիցին նախորդող օրերին, այս տարածքը փակ էր լինում ողջ օրվա ընթացքում: Նյու Յորքում տեղական ժամանակով ժամը 08։46-ին միջոցառումները կսկսվեն լռության րոպեով։ Հենց այդ պահին 12 տարի առաջ երկնաքերերից մեկին բախվեց ահաբեկիչների առևանգած ինքնաթիռը։ Ինչպես և սովորաբար, արարողությունը կանցկացվի այն վայրում, որտեղ կանգնած էին զույգ աշտարակները։ Ըստ ավանդույթի՝ զոհերի հարազատները կկարդան ցուցակը, որում հիշատակվում են ահաբեկչությունների զոհերի անունները։

2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Այդ օրն առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը: Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 3.000 մարդ:
Ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրեցին «Ալ-Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադենին: