Բավ է պառակտվել
04-12-2014 09:08

ԱՄՆ 17 նահանգներ հայց են ներկայացրել Օբամայի դեմ

Ամերիկյան 17 նահանգների իշխանությունները հայց են ներկայացրել դաշնային իշխանությունների դեմ՝ համարելով, որ Օբամայի կողմից ստորագրված ներգաղթյալների համաներման մասին հրամանագիրն անօրինական է: Այս մասին հայտնել է Թեքսաս նահանգի դատախազ Գրեգ Էբոթը, որը հայցի նախաձեռնողներից մեկն է: Նահանգների իշխանությունները պնդում են, որ Օբաման խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, եւ պահանջում են, որպեսզի դատարանն արգելափակի այդ հրամանագիրը: Հայցվորները մտավախություն ունեն, որ «համաներման մասին» հրամանագիրը կխորացնի հումանիտար ճգնաժամը երկրի հարավային սահմաններին, առաջին հերթին Թեքսասում:Հայցին միացել են նաեւ այնպիսի նահանգներ, որոնցից են Ալաբաման, Այդահոն, Միսիսիպին ու Յութան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նոյեմբերի վերջին Օբաման, շրջանցելով Կոնգրեսը, հրամանագիր է ստորագրել, որով օրինականացրել է մոտ 4 մլն ներգաղթյալների բնակությունը ԱՄՆ-ում: Դրանք այն մարդիկ են, որոնք 5 տարուց ավելի ապրում են ԱՄՆ-ում եւ ԱՄՆ քաղաքացիների կամ բնակության իրավունք ունեցողների ծնողներ են: