Բավ է պառակտվել
16-10-2014 10:49

«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է». Ալիև

Ադրբեջանի ղեկավարությունն առաջարկում է գործել «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մեթոդով: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հարեւան պետության ղեկավարը կոչ է արել դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի «շուտափույթ ազատ արձակման հարց դնել Հայաստանի առջեւ»: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ներկայում այդ խնդրով զբաղվում է Կարմիր Խաչի կոմիտեն: Մենք կապ ենք պահպանում նրանց հետ եւ հույս ունենք առաջիկա օրերին դրական արդյունք արձանագրել»,- հայտարարել է նախարարը: Ի գիտություն Մամեդյարովին՝ Հայաստանը ոչ մի առնչություն չունի վերոնշյալ երկու անձանց ձերբակալության հետ: Իսկ նրանք հենց ձերբակալվել են, այլ ոչ թե գերեվարվել, ինչպես հայտարարում է ադրբեջանական կողմը: Դիվերսիոն-հետախուզական խմբի երկու անդամներին էլ մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Իրենց «պահանջներով» եւ բարձրագոչ հայտարարություններով ադրբեջանական կողմն ընդամենը փորձում է մեղքը հիվանդ գլխից բարդել առողջ գլխի վրա: Սակայն այդ մանեւրումը դժվար թե հաջողության հանգեցնի: Կարեն Պետրոսյանի սարսափելի ճակատագիրը, գերությունից վերադարձված ծերունի Մամիկոն Խոջոյանի մահը, Հակոբ Ինջիղուլյանին սպառնալու եւ երրորդ երկիր մեկնելու մասին հայտարարելու դեպքերը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ քաղաքակիրթ ամբողջ միջազգային հանրության հիշողության մեջ են, եւ իրավաբանական քննության առարկա կդառնան: Ինչ վերաբերվում է Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցին, ապա Ադրբեջանի իշխանությունները պետք է իրենց մտացածին պահանջները հասցեագրեն անմիջականորեն պաշտոնական Ստեփանակերտին եւ ուղիղ բանակցություններ վարեն այդ եւ հետաքրքրող այլ հարցերի շուրջ: