Բավ է պառակտվել
26-05-2014 10:53

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անսպասելի այց է կատարել Աֆղանստան։ Նա ցանկացել է հանդիպել իր աֆղան գործընկեր Համիդ Քարզայի հետ՝ Բագրամ ավիաբազայում, սակայն վերջինս հրաժարվել է Քաբուլից Օբամայի մոտ գալ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։

ԱՄՆ վարչակազմի և Աֆղանստանի հեռացող նախագահի միջև հարաբերությունները սրվել էին, երբ Քարզայը հրաժարվել էր ստորագրել անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը, որը ԱՄՆ-ին թույլ կտար ներկայություն ապահովել երկրում՝ ամերիկյան զորքերի՝ 2014թ.-ի վերջին պլանավորված դուրսբերումից հետո։

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի հղումով Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Օբաման ինքնաթիռից հեռախոսով կապվել է Քարզայի հետ և զրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Քարզայի հաջորդի հետ կնքել անվտանգության մասին համաձայնագիրը։

Հաղորդվում է, որ 15-20 րոպե տևած զրույցի ընթացքում Օբաման և Քարզայը քննարկել են աֆղանական անվտանգության ուժերի ձևավորման գործում գրանցված առաջընթացը։ ԱՄՆ նախագահն իր աֆղան գործընկերոջը խոստացել է առաջիկայում տեղեկացնել, թե 2014թ.-ից հետո որքան ամերիկյան զինծառայողներ կմնան երկրում։

Այս պահին Աֆղանստանում նախագահական ընտրությունների քարոզարշավն է ընթանում։