Բավ է պառակտվել
02-09-2014 16:46

Էրդողանի այցին ընդառաջ Ադրբեջանը խստացրել է երկիր մուտք գործելու պայմանները

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարելիք այցից առաջ եղբայրական պետությունը հետաքրքիր անակնկալ է պատրաստել Թուրքիայի քաղաքացիների համար՝ դժվարացնելով Ադրբեջան մուտք գործելու պայմանները:

Ըստ թուրքական մամուլի՝ Ադրբեջանի այս քայլը շոկային է: Թուրքիայի քաղաքացիների համար Ադրբեջան մտնելու նոր կարգի կիրառումը համընկնում է Թուրքիայի նախագահի այցի հետ:

Նախկինում Թուրքիայի քաղաքացիները կարող էին Ադրբեջան այցելելու մեկ տարվա բազմակի մուտքի վիզա ստանալ, ապա սեպտեմբերի 1-ից կստանան միայն մեկանգամյա մուտքի վիզա, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել նաեւ թուրք բեռնափոխադրողների շրջանում, քանի որ մեկ վարորդը ստիպված է լինելու ամսական 3 կամ 4 անգամ Ադրբեջան մտնելու համար վիզա գնել:

Թուրքական մամուլում հիշեցնում են նաեւ, որ ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիներին երկար ժամանակ է, ինչ ազատել է Թուրքիա մուտք գործելու համար վիզա գնելուց:

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 2-ի երեկոյան երկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան: