07-07-2018 18:47

Ադրբեջանն ուշքի չի գալիս անակնկալ հարվածներից

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ հուլիսի 5-ին Նախիջեւանում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մահացել են Գյուննութ գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող 3 զինծառայողներ, 11 հոգի էլ վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են այրվում ադրբեջանական բանակի դիրքերը:

Երեկ Նախիջեւանի սահման է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ թույլ չի տա ադրբեջանական զորքերին ամրապնդվել հայկական գյուղերի համար վտանգավոր բարձունքներում՝ ակնարկելով, որ կրակ է բացելու:

Ադրբեջանական բանակը երեկ ավարտել է հերթական խոշոր զորավարժությունը, սակայն այս անգամ այդ երկրի պաշտպանության նախարարին չի հաջողվել տարածք «գրավել»: Երկիրն անսպասելի հոսանքազրկվել է: Մարդիկ մնացել են մետրոյում, վերելակներում, հիվանդանոցներում աշխատում էին լապտերներով, հեռախոսները, բանկոմատները, տրանսպորտը չէին աշխատում, խնդիրներ ծագեցին օդանավակայանում:

Մինչ երկրի ղեկավարությունը փորձում էր պարզել, թե ով է մեղավոր, Բաքվի կենտրոնում երկնաքերն անսպասելի լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Հետո հայտարարեցին, որ շփոթել են Կոլումբիայի դրոշի գույների հետ:

Հայտնի դարձավ նաեւ, որ մահափորձ է կատարվել Գյանջայի քաղաքապետ Վելիեւի դեմ: Ադրբեջանի նախագահը սպանության հետաքննությունն իր վերահսկողության տակ է վերցրել, հոսանքազրկման պատճառների հետաքննության հետ միասին:

Երեկ էլ Ադրբեջանի իրավապահ մարմինները համատեղ հայտարարություն են տարածել, որ Վելիեւի դեմ մահափորձը կատարել է իսլամիստները, որը նպատակ ուներ երկրում քաոս ստեղծել, հեռացնել իշխանությունը եւ իսլամական իշխանություն ու շարիաթ հաստատել:

Ադրբեջանում իսլամիստներին առաջին անգամ չեն մեղադրում իշխանությունը տապալելու փորձի մեջ: Մեղադրանքն անուղղակի հասցեագրվում է Իրանին, ինչպես Նարդարանի դեպքերի ժամանակ: Հիմա ուղիղ մեղադրանքներ չկան, բայց հայտարարությունների տողատակում կարելի է նկատել, որ Բաքուն Իրանից ավելի մեծ վտանգ է տեսնում, քան Հայաստանից:

Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում մարսել Իրանի վերջին վիրավորանքը: Բաքվում ադրբեջանական բանակի զորահանդեսի 100-ամյակին Իրանն ուղարկել էր ոչ թե պաշտպանության, այլ մշակույթի նախարարին: Ընդ որում, ի սկզբանե պետք է պաշտպանության նախարարը գար, բայց նրա պատճառով Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել էր այցելել Բաքու, եւ Իրանը որոշեց մշակույթի նախարարին ուղարկել զորահանդեսին:

Այսպիսով, մինչ Թուրքիան ու Ադրբեջանն անհաջող փորձում են ամրապնդվել Նախիջեւանում, Ադրբեջանի իշխանությունները խուճապահար փորձում են պարզել, թե ում մեղքով էր էլեկտրաքաոսը, ով է Բաքվի կենտրոնում Հայաստանի դրոշ «տեղադրել», ով է կանգնած Գյանջայի քաղաքապետի վրա կրակողի հետեւում:

Ալիեւը որոշել է պայքարի նոր ճակատ բացել: Նա հիմնադրամ է ստեղծել, որը պետք է աշխատի ադրբեջանական սփյուռքի հետ: Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ այդ հիմնադրամը պետք է չեզոքացնի հայկական սփյուռքի լոբբինգը եւ հասնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը: Ադրբեջանցի պաշտոնյան շուտով հզոր հարված է խոստանում: Հավանաբար, նա նկատի ունի, որ ՄԱԿ-ում հնարավոր է Ղարաբաղի մասին բանաձեւ քննարկվի:

Այսօր տեղեկություն կար նաեւ, որ Իրանում Բաբեկի ամրոցի մոտ տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել: Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, այդ ամրոցը թյուրքական ինքնության խորհրդանիշն է:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տարօրինակ գրառում է արել Ֆեյսբուքում. «Մինգեչաուրի հիդրոէլեկտրոհսկա, Բաքվի երկնաքերեր, Բաքվի օդանավակայան»։