Բավ է պառակտվել
04-03-2014 13:06

Ադրբեջանական դիվանագիտությունն աղավաղում է Խոջալուի դեպքերը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տարածել է հայտարարություն ըստ որի ադրբեջանական դիվանագիտությունն ապակողմնորոշում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին, մասնավորապես աղավաղելով Խոջալուի իրադարձությունները: Նշենք, որ այս հայտարարությունը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից:

«Ադրբեջանական դիվանագիտությունն ու լոբբին շարունակում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի ժողովրդին՝ կեղծելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը եւ, մասնավորապես, Խոջալուի իրադարձությունները: Կեղծելով Խոջալուի իրադարձությունները՝ Ադրբեջանի վարչակարգը փորձում է խուսափել Սումգայիթում (1988թ. փետրվար), Կիրովաբադում (1988թ. նոյեմբեր), Բաքվում (1990թ. հունվար), Մարաղայում (1992թ. ապրիլ) իրականացված հայկական ջարդերի եւ Խոջալուում իր իսկ ժողովրդի դեմ իրագործած ոճրագործության պատասխանատվությունից: Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես զոհ, այդպիսով ներքին եւ միջազգային հարթակներում հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար:

Ադրբեջանը շարունակում է մերժել Խոջալուի իրադարձությունների շուրջ հրապարակային քննարկում անցկացնելու վերաբերյալ միջազգային հանրության, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հորդորները: Այս առումով հարց է առաջանում, թե ինչու բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական տեսակետից տարբեր կարծիք են արտահայտել, կամ սպանվել են, ինչպես լրագրող Մուստաֆաևը, կամ բանտարկվել, ինչպես լրագրող Ֆաթուլլաեւը, կամ էլ քաղաքական հետապնդման ենթարկվել, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովը եւ այլոք:

Իրականում Խոջալու գյուղն Ադրբեջանի ռազմական հենակետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղից ինչպես նշել է «Human Rights Watch»-ը, երկար ամիսներ շարունակ, «գնդակոծվում և ռմբահարվում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը եւ այլ հայկական քաղաքներ ու գյուղեր: Անխնա գնդակոծությունները եւ դիպուկահարների կրակոցները սպանել կամ հաշմանդամ են դարձրել հարյուրավոր քաղաքացիական անձանց, ավերել են տներ, հիվանդանոցներ եւ այլ օբյեկտներ, որոնք լեգիտիմ ռազմական թիրախներ չեն հանդիսանում, եւ, ընդհանուր առմամբ, ահաբեկել են քաղաքացիական բնակչությանը»: Հետեւաբար ադրբեջանական կրակի զսպումը դարձել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյատեւման հարց:

Ինչպես նշել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, «Եվ անգամ հարձակումից մի քանի օր առաջ հայերը շարունակաբար բարձրախոսերի միջոցով նախազգուշացնում էին (Խոջալուի) բնակչությանը նախատեսված գործողության մասին եւ առաջարկում, որպեսզի քաղաքացիական անձիք լքեն քաղաքը եւ շրջափակումից դուրս գան մարդասիրական միջանցքով: Խոջալուի փախստականների խոսքերով՝ իրենք օգտվել են այդ միջանցքից եւ, իսկապես, միջանցքի թիկունքում դիրքավորված հայ զինվորները կրակ չեն բացել իրենց վրա»:

Այնուամենայնիվ, շարունակում է Ֆաթուլաեւը «…Խոջալուի բնակիչների մի մասը գնդակոծվել է մեր (ադրբեջանական զորքերի) իսկ կողմից… Միտումնավոր են դա արել նրանք, թե ոչ, պետք է պարզեն հետաքննիչները: … (Նրանք սպանվել են) ոչ թե (ինչ-որ) առեղծվածային (հրաձիգների), այլ Ադրբեջանի ազգային ճակատի գումարտակների սադրիչների կողմից …Մենք ինքներս ենք խեղել (դիակները)…»:

Այազ Մութալիբովը, որն իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի նախագահն էր, Խոջալուում տեղի ունեցած սպանությունների համար մեղադրել է իր քաղաքական ընդդիմախոսներին: Հարցազրույցի մեջ նա նշել է, որ «…միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, այնուամենայնիվ թողնվել էր հայերի կողմից: Հետեւաբար ինչո՞ւ պետք է նրանք կրակ բացեին: Հատկապես Աղդամի մոտ տեղակայված տարածքում, որտեղ այդ ժամանակ կար բավարար ուժ մարդկանց օգնության հասնելու համար: Ինչպես ասում են Խոջալուից մի կերպ փախած բնակիչները, դա կազմակերպվել էր իմ պաշտոնանկության համար հող նախապատրաստելու նպատակով: Որոշակի ուժեր գործել են նախագահին վարկաբեկելու համար»:

Փաստը, որ Խոջալուի բնակիչները դարձել են Ադրբեջանում իշխանության համար մղված կատաղի ներքաղաքական պայքարի զոհ, հաստատվել է նաեւ Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ Կարաեւի եւ նրա իրավահաջորդ Մամեդովի, Ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովի եւ այլոց կողմից:

Այդ ժամանակաշրջանում նախագահության թեկնածուներից Հեյդար Ալիեւը նշել է, որ «…արյունահեղությունը մեր օգտին է: Մենք չպետք է միջամտենք դեպքերի ընթացքին»:

Ադրբեջանական «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Ֆաթուլաեւը շատ տարիներ է անցկացնել բանտում Խոջալուի բնակիչներին անարգելու շինծու մեղադրանքով: Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի Ֆաթուլաեւին: Վերջ ի վերջո, նա ազատ է արձակվել 2011թ. եւ կարճ ժամանակ անց Ազատություն ռադիոյականին հաստատել է, որ չի փոխել իր տեսակետը Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ և որ 1992 թ.-ին Խոջալուի բնակիչների «սպանության համար մեղավոր են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինյալները»:

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը եւ պատմության կեղծումը, զուգորդված միլիարդավոր դոլարների հարձակողական զինատեսակների ձեռքբերմամբ, լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար, հետեւաբար, պետք է համարժեքորեն հակադարձվի միջազգային հանրության կողմից»: