02-08-2014 19:44

Ադրբեջանում զինծառայողների մահվան հետ կապված բողոքողներին սկսել են ձերբակալել

Ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան հետ կապված բողոքի ակցիայի կոչ անողներին խանությունները սկսել են ձերբակալել:
«Ազադլըգ»-ը հայտնում է, որ Սաաթլըի շրջանում բերման է ենթարկվել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլիի հայրը: Նշվում է, որ Ռուսլան Նասիրլին նախօրեին երիտասարդությանը բողոքի ակցիաների կոչ էր արել` կապված բանակում մեծ թվով զինծառայողների մահվան հետ:
«Այսօր նրանց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները: Ռուսլանը տանը չի եղել, եւ նրանք ոստիականական բաժանմունք են տարել նրա հորը»,- գրում է թերթը:
Ադրբեջանի իշխանությունների խոսափող haqqin.az լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը ղարաբաղյան պատերազմի տարիներին Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերը (Ադրբեջանը դա անվանում է Խոջալուի ողբերգություն) ժողճակատի կատարած հանցագործություն որակելու համար 8 տարվա ազատազրկման էր ենթարկվել և բանտից ազատվելուց հետո դարձել մոլի իշխանամետ, համարում է, որ «Ժողճակատը և ընդդիմությունը զորքերի շփման գծում ողբերգական իրադարձություններն օգտագործում են երկրում սոցիալ-քաղաքական լարվածությունը սրելու համար»:
«Այն դեպքում, երբ ադրբեջանցի զինվորները զոհվում են հայերի հետ մարտերում, ընդդիմությունը դարձյալ անուղղակիորեն ձեռք է մեկնում հայերին և, փորձելով սրել իրադրությունը, երկրորդ հայկական ճակատն է բացում երկրի ներսում»,- գրում է կայքը` նշելով, որ ընդդիմությունը ցանկանում է կրկնել նախանցյալ տարվա մարտին Բաքվի կենտրոնում զինվորների մահերի դեմ երիտասարդական բողոքի ակցիաները: