25-01-2014 10:48

Կիևում ոստիկանի են դանակահարել

 Կիևի Անկախության հրապարակում ուրբաթ երեկոյան ցուցարարները հարձակվել են երեք ոստիկանի վրա, մեկին՝ դանակահարել են, հայտնում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից:

Իրավապահներին պահել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքում։ Այժմ վիրավոր ոստիկանն ազատ է արձակվել, նա հոսպիտալացվել է։ Եվս երկու ոստիկանի ճակատագիրն անհայտ է: 

Հաղորդվում է, որ մայրաքաղաք Կիևի Գոլոսեևյան թաղամասում ուրբաթ երեկոյան հայտնաբերվել է ոստիկանի դի։ Ականատեսները, ըստ աղբյուրի, նկատել են դեպքի վայրից փախչող երկու անձի։

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, ոստիկանը եղել է 27 տարեկան։

Ինչ վերաբերում է Գրուշևսկու փողոցում դեպքերին, ապա այստեղ բախումները շարունակվում են։ Ցուցարարներն իրավապահների ուղղությամբ քարեր ու Մոլոտովյան կոկտեյլներ են նետել, իսկ «Բերկուտի» հատուկջոկատայինները լուսաձայնային նռնակներով պատասխանել։ Հաղորդվում է վիրավորների մասին։

Կիևում հունվարի 19-ից ի վեր տեղի ունեցող անկարգությունների հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում կան և՛ իրավապահներ, և՛ ցուցարարներ։ Հաղորդվում է նաև զոհերի մասին, որոնց թվում է հայազգի Սերգեյ Նիկոյանը։