Բավ է պառակտվել
30-11-2015 09:06

Հայ ֆուտբոլիստները հավաքականում դավաճանություն փնտրելն ապարդյուն են որակում

Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ հայտարարություն են տարածել` կապված հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսի հետ: «Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները և շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու»,- նշել են հավաքականի ֆուտբոլիստները: Նրանք համոզված են, որ իրենց կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: «Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին»,- ասված է հայտարարությունում: Նրանք նշել են, որ միշտ գործել են ի շահ հավաքականի` վնաս տալով թեʹ իրենց առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև իրենց ակումբային կարիերային: «Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով»- ընդգծել են ֆուտբոլիստները: Նրանք շնորհակալություն են հայտնել հավաքականի բոլոր երկրպագուներին թեʹ Հայաստանում, թեʹ Հայաստանից դուրս այս 7-10 համատեղ տարիների համար: «Դուք միշտ երկրպագել եք մեր հավաքականին` անկախ ցույց տրված արդյունքներից և խաղի որակից»,- ամփոփել են հավաքականի ֆուտբոլիստները: Հայտարարությունը ստորագրել են ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Հրայր Մկոյանը և Կառլեն Մկրտչյանը։