Նախօրեին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում իր կյանքի առաջին ոսկե մեդալը նվաճած ռուս սուսերամարտիկ Յանա Եգորյանը խոսել է իր երազանքների և նպատակների, իր մոր հետաքրքրությունների և երևանցի հայրիկի մասին:
«Ես երջանիկ եմ: Ես ջանք եմ գործադրել, աշխատել եմ: Հավանաբար, մարզումներն ապարդյուն չեն անցել: Սա անհավանական է: Աչքերիս առաջ կյանքիս պատկերներն են, ինչպես ֆիլմում: Սա միայն իմ մեդալը չէ, այլև` Սոնյայինը (Սոֆիա Վելիկայա), մենք նրա հետ միասին ենք մարզվել, Կատյան (Դյաչենկո), Յուլյան (Գավրիլովա)` սա մեր ընդհանուր մեդալն է», - ասել է նորաթուխ օլիմպիական չեմպիոնուհին, ով նախօրեին սուսերամարտի եզրափակչում հաղթանակ է տարել հանրաճանաչ ռուս սուսերամարտիկ Սոֆիա Վելիկայայի նկատմամբ: Եգորյանը բացել է գաղտնիքը, թե ինչ է շշնջացել Սոֆիա Վելիկայայի ականջին մենամարտից հետո: « Անկեղծ ասած, դրանք աջակցության և երախտագիտության խոսքեր էին»:
Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, Եգոյանն իրեն արդեն հանրաճանաչ է համարում, մարզիկն ասել է. «Ես երեկ, այսօր և վաղը լինելու եմ Եգորյան: Այ եթե ամուսնանամ... չնայած ոչ, արդեն հիմա ազգանունս էլ չեմ փոխի, կմնամ Եգորյան»:
Մարզիկը կիսվել է ևս մեկ մեդալ նվաճելու իր երազանքով: «Առջևում թիմային մրցումներն են, մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար: Մենք դեռ ունենք Յուլյա Գավրիլովային, Կատյա Դյաչենկոյին, ովքեր կլինեն մեզ հետ թիմում և արժանի են մեդալների: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի հաղթենք», - հայտարարել է նա:
Եգորյանը խոսել է նաև իր ծնողների մասին: «Մայրիկս տանն է, խնամում է կատուներին: Գիտեք, ես խելագար կատու պահող եմ, տանը շատ կատուներ ունեմ... Իսկ հայրիկս ապրում է Երևանում: Նա էլ է ուրախանում և անհանգստանում: Ապրում ենք մայրիկի և տատիկի հետ, համերաշխ ենք, խոհանոցը շատ լավ կիսում ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է և հոյակապ», - ծիծաղով նշել է մարզիկը:
Չեմպիոնուհին հումորով արձագանքեց այն հարցին` պատրաստ է արդյոք իր անձի հանդեպ հետաքրքրության աճին: «Չէի ասի, թե իսկապես հաճախ եմ հարցազրույց տալիս: Ինձ հետո միշտ ասում են. «Դու այնտեղ մի բան այն չես ասել»: Բայց չէ՞ որ ես հայ կին եմ, ես միշտ պատրաստ եմ ուշադրության», - հայտարարել է Եգորյանը: