Բավ է պառակտվել
29-05-2015 07:36

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները. Բլաթե՞րը, թե՞ Հորդանանի արքայազնը

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան ուրբաթ կազմակերպության կոնգրեսի ժամանակ, որին նախորդել է կազմակերպության պաշտոնյաների հետ կապված խոշորագույն սկանդալը: ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնի համար հավակնում են գործող նախագահ Յոզեֆ Բլաթերը , ով առաջադրվում է հինգերորդ անգամ, և Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը: Ավելի վաղ «Բարսելոնա» և «Ռեալ» ակումբների ֆուտբոլիստ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն և Նիդերլանդների Ֆուտբոլի թագավորական միության (KNVB) նախագահ Միխաել վան Փրաագը հանել են իրենց թեկնածությունները ընտրություններից: Չորեքշաբթի առավոտյան հայտնի է դարձել այն մասին, որ ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կալանավորվել են Ցյուրիխում մեքենայության մեջ մեղադրանքով: ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետտա Լինչը հայտարարել էր վերջին երկու տասնյամյակի ընթացքում աշխարհի առաջնությունների և մարկետինգային գործարքների հետ կապված ՖԻՖԱ-ում լայնածավալ կաշառակերության մասին: Մեղադրանքներ են առաջադրվել նաև մեքենայության և փողերի լվացման հոդվածներով: Մինչև այդ իրադարձությունները քչերն էին կասկածում, որ Բլաթերը կհաղթի իր հակառակորդին: Սակայն այժմ կազմակերպության ղեկավարության հանդեպ խարխլված վստահությունից կարող է օգտվել Ալ Հուսեյնը, որը Հորդանանի թագավոր Հուսեյն իբն Թալալայի երրորդ որդին է և 2011 թվականից զբաղեցնում է ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը Ասիայից: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը Բլաթերի ամենաակտիվ քննադատողներից մեկն է, նշել է, որ եվրոպական ֆեդերացիաների գերակշռող մասը (54-ից 45-46-ը) քվեարկելու է Ալ Հուսեյնի օգտին, ինչպես նաև կոչ է արել ՖԻՖԱ-ի մյուս անդամներին աջակցել նրա թեկնածությանը: Իր հերթին Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Դևիդ Գիլը, որը մարտին ընտրվեց, որպես ՖԻՖԱ-ի փոխնախագահ Մեծ Բրիտանիայի կողմից, պատրաստակամություն հայտնեց հեռանալ զբաղեցրած պաշտոնից Բլաթերի վերընտրման դեպքում: Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն նույնիսկ խնդրել էր հետաձգել ընտրությունները՝ սպառնալով բոյկոտել այն, սակայն հինգշաբթի կայացած նիստից հետո Պլատինին հայտարարեց, որ իր կազմակերպությունը կմասնակցի ընտրություններին: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը այն եվրոպական ֆեդերացիաներից մեկն է, որը հաստատ աջակցելու է Բլաթերին, որի մասին բազմիցս հայտարարել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Բլաթերին պատրաստ է աջակվցել նաև Աֆրիկայի ֆուտբոլի միությունը: Իր հերթին Ասիայի միությունը որոշել է նույնպես աջակցել գործող նախագահին, սակայն Ավստրալիան մտադիր է քվեարկել Ալ Հուսեյնի օգտին: Ինքը՝ Բլաթերը, կոնգրեսի բացման ընթացքում իր ելույթի ժամանակ ուրբաթ հայտարարեց, որ պատրաստ է ելք գտնել ստեղծված իրավիճակից: