Բավ է պառակտվել
12-08-2016 06:26

Վնասվածք ստացավ նաև բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը

Վլադիմիր Մարգարյան — Ռոնիել Իգլեսիաս մրցավեճը կայացավ 69կգ քաշային կարգում օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակչում: Կասկածից էլ վեր է, որ հայ բռնցքամարտիկը մենամարտում էր այս քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալի գլխավոր հավակնորդի հետ:

Ռինգ դուրս գալու ճանապարհին երևաց, որ հայ բռնցքամարտիկը մարտական տրամադրվածությամբ է ներկայացել այս մենամարտին: Բայց հայ օլիմպիականներին երկրորդ օրն անընդմեջ հետապնդում է վնասվածքը: Այս դեպքում առաջին իսկ ռաունդի մեկնարկում մերձամարտի նետվելիս հայ մարզիկը բախվեց կուբացուն ու հոնքի վնասվածք ստացավ:

Մենամարտը երկու անգամ ընդմիջվեց, քանի որ բժիշկներն անընդհատ ստուգում էին հայ մարզիկի վնասվածքի վտանգավորության աստիճանը: Ու երկրորդ դադարից հետո բժիշկները որոշեցին չթույլատրել Վլադիմիր Մարգարյանին մենամարտել, ու հայ մարզիկի համար գրանցվեց պարտություն, նա դուրս մնաց հետագա մրցապայքարից:

Մարգարյանի մարզիչ Արման Հարությունյանը հայտնեց, որ եթե մարզիկին մրցավարը երկրորդ անգամ է բժշկի մոտ տանում, ապա ավտոմատ կերպով մենամարտը դադարեցվում է։ Ըստ նրա` մարզիկը կարող էր շարունակել մենամարտը, պարզապես բռնցքամարտի կարգն է այդպես։ Նրա խոսքով` վնասվածքը կար դեռ առաջին մենամարտից և հարվածից նորից բացվեց։

Նշենք, որ օլիմպիական խաղերի առաջին մենամարտում Մարգարյանը հաղթել էր Ֆիջին ներկայացնող Ուինսթեն Հիլին:

Բռնցքամարտի մրցումներում Հայաստանը դեռևս ունի երեք մարզիկ:

Իրենց առաջին մենամարտերում հաղթանակ են տարել Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը: Մրցումները դեռ չի սկսել Նարեկ Աբգարյանը:

Հիշեցնենք, որ այսօր վնասվածք էր ստացել նաև ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` դուրս էր ընկել նրա արմունկը։