Բավ է պառակտվել
30-10-2015 10:44

Հեծանվամարաթոն Գյումրիում (ֆոտո)

Կիրակի երկաթուղային կայարանը լեփ լեցուն էր. հեծանվորդներն ուղևորվում էին Գյումրի՝ մասնակցելու հեծանվամարաթոնի: Պատկերացրե՛ք մի մեծ վագոն՝ լցված հեծանիվներով: Այս հեծանվամարաթոնը մեծ խորհուրդ ունի. այն պետք է նպաստի հեծանվասպորտի զարգացմանը Գյումրիում, որպեսզի գյումրեցիները սկսեն օգտագործել հեծանիվը որպես տրանսպորտային միջոց: Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությանը միացան տարբեր տարիքի, սեռի և տարբեր բնույթի հետաքրքրությունների տեր մի շարք հեծանվորդներ: Նրանք որոշել էին իրենց հերթական հանգստյան օրն անցկացնել Գյումրիում՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ:

3 ժամ անընդհատ շարժում, 3 ժամ անընդհատ երգ ու պար, և հեծանվորդներն արդեն Գյումրիում են: Նրանց դիմավորում են Գյումրու հեծանվորդները, որոնց շարքում է նաև Ազգային Ժողովի գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ ողջունում ենք հեծանվային մշակույթն ու առողջ ապրելակերպը: Չպետք է մոռանալ, որ հեծանիվը հանդիսանում է էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց»,- նշել է Մարտուն Գրիգորյանը:
Շուրջ 70 հեծանվորդներից կազմված խումբը ամբողջ օրվա ընթացքում շրջում է Գյումրու փողոցներով: Անցորդները չեն թաքցնում զարմանքը, վարորդներն էլ ողջունում են մեքենայի ազդանշանով: Ողջ ակցիայի ընթացքում մասնակիցներին ուղեկցում են պետավտոտեսուչները և ապահովում հեծանվորդների անվտանգ երթևեկությունը:

Հեծանվամարաթոնը նաև ճանաչողական բնույթ է կրում: Մասնակիցների մեծ մասը մինչ այդ Գյումրիում չի եղել և այս ակցիայի միջոցով ծանոթանում է քաղաքի պատմամշակութային ժառանգությանը: Հեծանվորդները այցելում են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Հովհաննես Շիրազի թանգարան, ինչպես նաև Գյումրու ամենաազդեցիկ և ամենահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը, անցնում են այն փողոցներով և բակերով, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն»: «Վստահ ենք, որ այս ակցիան հեծանվային մշակույթի զարգացման խթան կհանդիսանա, և Գյումրիում ևս կսկսեն հեծանիվը որպես փոխադրամիջոց օգտագործել», — նշեց Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը: Երևան վերադառնալուց առաջ հեծանվորդները բաց չեն թողնում ավանդական միասնական «սելֆի» անելու հնարավորությունը, այս անգամ արդեն՝ Վերածննդի պուրակում: Գյումրու կայարանում հեծանվորդները հրաժեշտ են տալիս Երևան մեկնողներին՝ Գյումրիում նրանց կրկին հյուրընկալելու ակնկալիքով: