13-07-2016 16:58

Համացանցում հայտնվել են ՄՅ-ում Հենրիխ Մխիթարյանի մարզման առաջին լուսանկարները

Համացանցում հայտնվել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզման առաջին լուսանկարները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Լուսանկարները հրապարակվել են Facebook սոցիալական ցանցի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական էջում:

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Մխիթարյանին` որպես ակումբի խաղացող հուլիսի 6-ին: Հայ կիսապաշտպանը տեղափոխվել է«կարմիր սատանաների» կազմ Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում հանդես է եկել 2013 թ.-ից: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն Մխիթարյանին անվանել է տաղանդավոր ֆուտբոլիստ, որը լավ մարզավիճակում է եղել թե´ իր նախկին ակումբում, թե´ Հայաստանի հավաքականի կազմում:

«Նա իսկական թիմային խաղացող է` օժտված մեծ վարպետությամբ, նպատակասլացությամբ: Ես ուրախ եմ, որ նա որոշել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վստահ եմ, որ նրա խաղը շատ շուտ կազդի թիմի վրա, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է պրեմիեր լիգային: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատանքին», - նշել է Մաուրինյոն: