26-07-2016 12:08

Օլիմպիական հավաքականի 2-րդ մասը մեկնեց Ռիո

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը ևս մեկնել է օլիմպիական Ռիո, որտեղ օգոստոսի 5-ին կմեկնարկի օլիմպիադան:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնել են մրցավայր: Պատվիրակության հետ Ռիո է մեկնել նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Օլիմպիական խաղերից առաջ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է: Սակայն կրկում եմ, ինչպես Նանկինի Օլիմպիական խաղերից առաջ էր, հիմա էլ այնպես է ստացվել, որ Օլիմպիական խաղերին կմասնակցենք աշխարհի գործող չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական հավաքականի կազմը համալրված է այն մարզիկներով, ովքեր իրենք են վաստակել այդ վարկանիշը, որը հույս է ներշնչում, որ այս խաղերում մենք կունենանք մեր բաղձալի արդյունքը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին նույն չվերթով Ռիո էին մեկնել ծանրորդները, լողորդները և աթլետները: