29-07-2016 09:13

Օլիմպիադա–2020–ի ծրագրում հինգ նոր մարզաձև կներառվի

Բեյսբոլ/սոֆտբոլ, կարատե, սերֆինգ, ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերը կներառվեն 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում։ Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) օլիմպիական ծրագրերի հանձնաժողովը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Նշված է, որ այս մարզաձևերի ներառման արդյունքում ծրագրում կավելանա ևս 18 իրադարձություն, որին կմասնակցի 474 մարզիկ։ Այս մարզաձևերի ավելացումը մեծ ազդեցություն չի ունենա ծրագրում առկա այլ մարզաձևերի վրա, քանի որ պարտադիր չեն լինի այն քաղաքների համար, որտեղ հետագայում կանցկացվեն Օլիմպիական խաղերը։

«Հանձնաժողովը ՄՕԿ-ի անդամներին ուղղված զեկույցում նշել է, որ այս հինգ մարզաձևերը «դինամիկ և հրապուրիչ են», ներառում են ինչպես ավանդական, այնպես էլ նոր, երիտասարդությանը միտված իրադարձություններ, որոնք մեծ ճանաչում ունեն ինչպես Ճապոնիայում, այնպես էլ միջազգային մակարդակում», — նշված է հաղորդագրության մեջ։

Այս մարզաձևերի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 3-ին կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանի ժամանակ։