25-03-2016 08:56

Այս մրցաշարում հաղթելու շանսեր չունեմ.Լևոն Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 11-րդ տուրում ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին սպիտակներով պարտվելուց հետո կորցրել է հույսը հաղթել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

«Նախորդ երեք պարտիաներում ես ընդունում եմ ոչ ճիշտ որոշումներ ամենապատասխանատու պահերին: Այս մրցաշարում հաղթելու շանսեր ես չունեմ՝ կխաղամ, ինչպես սովորաբար խաղում եմ: Ես այսօր դավաճանեցի ինքս ինձ: Եվ ձին h6 քայլի փոխարեն, որը մտածում էի կատարել, չգիտեմ՝ ինչու որոշեցի խաղալ հանգիստ: Իսկ հետո հայտնվեցի ցեյտնոտում եւ չնկատեցի տարրական բան: Իհարկե, ահավոր խաղացի»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարուանայի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Սվիդլերն ու Գիրին, Նակամուրան ու Անանդը, Կարյակինն ու Տոպալովը:

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4: