Բավ է պառակտվել
09-06-2016 10:43

Մուհհամեդ Ալիի թաղման տոմսերը բաժանել են մեկ ժամվա ընթացքում

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհհամեդ Ալիի թաղման արարողության հազարավոր անվճար տոմսերը բաժանվել են մեկ ժամվա ընթացքում:
Ալիի հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունները, որոնք բաց կլինեն բոլորի համար, նախատեսված են հունիսի 10-ին և անցկացվելու են Լուիսվիլ քաղաքում (ԱՄՆ, Կենտուկի նահանգ)։ Հրաժեշտի արարողությունն անցկացվելու է 15 հազար հոգու համար նախատեսված մարզադաշտում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալին դեռ 2010 թվականին էր սկսել պատրաստել իր թաղման ծրագիրը։ Աղբյուրի հաղորդմամբ`Ալին ցանկանում էր, որ բռնցքամարտի բոլոր սիրահարները կարողանան ներկա լինել իր թաղման արարողությանը` առանց գումար վճարելու, սակայն շատերը շարունակում են վաճառել տոմսերը։
Արարողության կազմակերպիչները մեկ անձին 4 տոմս են տվել։ Տոմս ստացածները հենց դրամարկղերի մոտ փորձել են դրանք վաճառել 50 դոլարով։
Ալին շնչառական խնդիրների պատճառով հունիսի 2-ին տեղափոխվել էր Ֆինիքսի հիվանդանոցներից մեկը, որտեղ և մահացել էր։ Մարզիկի ընտանիքի անդամներից մեկն ավելի ուշ հայտնել էր, որ Ալիի մահվան պատճառ է դարձել սեպտիկ շոկը, որն ի հայտ է եկել անհասկանալի պատճառներով։ Ալին 1980-ականների սկզբից տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։
Մուհհամեդ Ալին պատմության մեջ ամենահայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից մեկն է, 1960 թվականի Օլիմպիական չեմպիոն, ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), «Տարվա բռնցքամարտիկ» և «Տասնամյակի բռնցքամարտիկ» կոչման հնգակի տիտղոսակիր։
1974 թվականին Sports Illustrated ամսագրի վարկածով` նա արժանացել էր տարվա մարզիկի կոչման, «ХХ դարի մարզիկի» կոչում ստացել մարզական մի քանի պարբերականների վարկածով։ Կարիերայի ավարտից հետո Ալին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան էր նշանակվել (1998-2008)։ Ամերիկացի բռնցքամարտիկն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 61 մենամարտ, որից 56-ը` հաղթանակով (37-ը` նոկաուտով)։