Բավ է պառակտվել
04-08-2016 12:03

ՀՀ Նախագահը ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին: Երկրի ղեկավարի աշխատակազմի հասարակայնության և մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանցի օլիմպիականներին ուղղված Հանրապետության Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ օլիմպիականներ,
Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում:
Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն և հավատ սեփական ունակությունների հանդեպ: Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: Դա արդեն մեծ պատիվ է: Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում և Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին:
Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր: Դուք կարող եք և պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին: Դուք բազմիցս հաստատել եք ձեր բարձր կարգը՝ ունեք համապատասխան վարպետություն, ընդհանուր լավ պատրաստվածություն, անհրաժեշտ փորձ և կամային բարձր որակներ:
Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները և ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը:
Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»: