Բավ է պառակտվել
24-08-2016 10:24

Սերբիան պատասխանել է Միհրան Հարությունյանին

Սերբիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ժելկո Տրայկովիչը մեկնաբանեց հայ և սերբ ըմբիշների` աղմուկ բարձրացրած մենամարտը։

Սերբիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ժելկո Տրայկովիչը կարծում է, որ Օլիմպիադայի եզրափակիչ մենամարտում հայ և սերբ ըմբիշների ուժերը հավասար էին, և դրանով նա առաջարկում է ավարտել վեճը։

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Մրցավարները հաղթող ճանաչեցին սերբ Դավոր Շտեֆանեկին։ Երկրպագուները change.org կայքում բողոքարկման ակցիա սկսեցին` ի պաշտպանություն Հարությունյանի, դրան միացավ ավելի քան 35 հազար մարդ։ Շատ մարզական մեկնաբաններ կիսում են այն կարծիքը, որ ոսկե մեդալակիրը հենց Միհրան Հարությունյանն է։

«Ըմբշամարտի հայկական ոճը բացառիկ է, մենք հիանում ենք նրանով, և այդ երկրի մարզիկների յուրաքանչյուր ելույթը հոմանիշ է իսկական հունահռոմեական մենամարտի։ Դա իսկապես ականավոր թիմ է, և մենք փորձում ենք հավասարվել նրան»,- ասաց Տրայկովիչը:

Սակայն նա կարծում է, որ Դավոր Շտեֆանեկը ևս ոչնչով չի զիջում Հարությունյանին և ամբողջ ընթացում վստահ հաղթանակներ է տարել` 24 միավոր հավաքելով համաշխարհային մակարդակի ըմբիշների հետ մենամարտերում։

«Եզրափակիչը հատուկ մենամարտ է, սակայն հաղթանակը ձեռք է բերվում գերազանց մտածված մարտավարության շնորհիվ։ Եթե եզրափակչից հետո մրցավարները բարձրացնեին Հարությունյանի ձեռքը, դա նույնպես արդարացի կլիներ, քանի որ ըմբիշների ուժերը հավասար էին»,- ասաց Սերբիայի ֆեդերացիայի նախագահը։
Նա կարծում է, որ առանձին պահերի նախաձեռնությունը Հարությունյանի ձեռքում էր, սակայն որոշ պահերի նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցնում Շտեֆանեկը։

«Կարծում եմ, որ այս իրավիճակում` 1:1 հաշվի ժամանակ, երբ ամեն ինչ որոշում են մանրուքները, արդարացի չէ նվազեցնել Շտեֆանեկի հաջողությունը, ով հրաշալի է անցկացրել բոլոր մենամարտերը»,- նշեց Տրայկովիչը։

Նրա խոսքով` Հարությունյանն, անշուշտ, այս քաշային կարգի լավագույն ըմբիշներից է, իսկ նրա մենամարտերին հետևելը հաճույք է։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ հայ մարզիկին փայլուն ապագա է սպասում։

«Ես հասկանում եմ հայ երկրպագուների վրդովմունքն ու դժգոհությունը, քանի որ այդ երկրում հունահռոմեական ըմբշամարտն ազգային մարզաձև է։ Սակայն պետք է հասկանալ, որ եզրափակիչների ժամանակ հաղթում են նաև գերազանց մարտավարության շնորհիվ»,- ասաց Տրայկովիչը։

Նա կոչ արեց այսքանով վերջակետ դնել և սպասել այս երկու մարզիկների նոր մենամարտերին, որոնցում ավելի շատ տպավորիչ պահեր կլինեն, քանի որ Շտեֆանեկը և Հարությունյանը նույն տիպի մարզիկներ են։

Իսկ մինչ այդ Միհրան Հարությունյանի երկրպագուները և ողջ հայ հանրությունը կոչ են անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին` հայց ներկայացնել Մարզական վճռաբեկ դատարան` բողոքարկելով XXXI ամառային օլիմպիական խաղերի անարդար մրցավարությունը։