Բավ է պառակտվել
04-09-2015 10:12

Սերբիա - Հայաստան. խաղ առանց հանդիսականների

Սերբիա - Հայատան. 4 խաղ, +2=2-0, գոլեր՝ 6:1: Սեպտեմբերի 4, Նովի Սադ, «Կարաջորջե», ժ. 22:45

Եվրո-2016-ի ընտրական փուլ. I խմբի 6-րդ տուր
գլխ. մրցավար՝ Միրոսլավ Զելինսկա
բուքմեյքերներ՝ 1.44 - 4.75 - 8.00

 Այսօր Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում իր 6-րդ հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Սերբիայի հավաքականի հետ:

Դատարկ տրիբունաներ

Թեև Հայաստանի հավաքականը հյուրընկալվողի դերում է, սակայն Սերբիան հանդես է գալու առանց հանդիսականների աջակցության, քանի որ ՈւԵՖԱ-ն այս ընտրանու նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նախորդ տարի Ալբանիայի հետ կայացած մրցավեճից հետո: Սերբ երկրպագուները հայտնի են իրենց ակտիվությամբ և նրանց աջակցությունը միայն դրական լիցքեր կարող էր տալ տանտերերին:

Մրցում են ետնապահները

Հայաստանի և Սերբիայի հավաքականները դեռ հաղթանակ չեն տոնել ընթացիկ ընտրական փուլում, ինչի պատճառով էլ հայտնվել են աղյուսակի վերջնամասում, իսկ Սերբիան տեսականորեն էլ կորցրել է եզրափակիչ փուլում հայտնվելու հնարավորությունները: Հայաստանն է գործնականում է զրկվել հաջորդ փուլում հայտնվելու հնարավորությունից, սակայն դեռ տեսական հնարավորություններ է պահպանում:

Խաղի նկատմամբ հետաքրքրությունը ցածր է

Սերբիայում ֆուտբոլը բավական մասսայական մարզաձև է, սակայն այս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը բավականին ցածր է: Հիմնական պատճառը Սերբիայի հավաքականի անհաջող ելույթներն են: Ունենալով բավական ուժեղ կազմ՝ Սերբիան վերջին տարիներին չի կարողանում արդարացնել իր երկրպագուների սպասելիքները:

Անհաջողությունները քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել և հավաքականի նկատմամբ ճնշումը հասարակության կողմից շատ մեծ է: Քննադատությունները հաճախ վիրավորական երանգներով են Սերբիայում, ինչի պատճառով որոշ խաղացողներ նույնիսկ հրաժարվել են խաղալ ազգային թիմում: Մթնոլորտը սերբական ֆուտբոլում ներկայում բավական անառողջ է, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է ունենում հավաքականի և ակումբների ելույթների նկատմամբ: Այժմ Սերբիայում հույս ունեն, որ ճգնաժամից հնարավոր կլինի դուրս գալ 20 տարեկանների հավաքականի շնորհիվ: Սերբիայի մինչև 20 տարեկանների հավաքականն այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն, ինչը բացառիկ արդյունք է այս երկրի համար:

Կադրային խնդիրներ

Հայաստանի հավաքականը դարձյալ կադրային խնդիրներով է մոտեցել հանդիպմանը: Այս անգամ վնասվածք ունեն Արթուր Սարկիսովը և Էդգար Մանուչարյանը: Հարցականի տակ է նաև Գևորգ Ղազարյանի մասնակցությունը, քանի որ նա «Մարտիտմուի» կազմում ունեցած վերջին ելույթից հետո վերականգնվելու բավականին քիչ ժամանակ է ունեցել:

Վիճակագրություն

Հայաստանի հավաքականը վերջին 16 խաղերում չի կարողացել դարպասն անառիկ պահել՝ ընդունելով 35 գնդակ:

Պաշտոնական խաղերում Հայաստանը վերջին հաղթանակը տոնել է 2013 թվականի հոկտեմբերին, երբ Երևանում 2:1 հաշվով հաջողվեց առավելության հասնել Բուլղարիայի նկատմամբ: Ընտրական ընթացիկ փուլում Հայաստանի հավաքականն արտագնա բոլոր 3 խաղերում պարտվել է: Սերբիայում Հայաստանի ազգային ընտրանին Եվրո-2016-ի ընտրական փուլի իր վերջին արտագնա հանդիպումը կանցկացնի: Պարտված 3 խաղերում ազգային թիմը 2 գոլ է խփել՝ բաց թողնելով 5-ը: Սերբիան անցկացնում է տնային 3-րդ հանդիպումը. առաջինը մեծ հնչողություն ունեցող խաղն էր Ալբանիայի հավաքականի դեմ, երբ սերբերին տեխնիկական պարտություն գրանցվել, իսկ մյուս խաղում Դանիան հաղթել է 3:1 հաշվով: Ընտրական I խմբում միայն Հայաստանի և Սերբիայի հավաքականները խփած և բաց թողած գոլերի բացասական տարբերություն ունեն:

Դիմակայության պատմություն

Հայաստանի և Սերբիայի հավաքականները միմյանց հետ հանդիպել են 4 անգամ: Հայաստանի ազգային թիմը մրցակցին դեռևս չի հաղթել՝ 4 խաղերում կրելով 2 պարտություն, նույնքան հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի: Սերբերի դարպասը միակ գոլը Հայաստանի ընտրանուց նախորդ խաղում խփել է Մարկոս Պիզելին: Մինչ այս, սերբերին հաջողվել է 6 գոլ խփել Հայաստանի հավաքականի դարպասը:

Նորամուտներ

Հայաստանի հավաքականից առաջին անգամ հրավերներ են ստացել 2 ֆուտբոլիստներ: Էդգար Մանուչարյանի վնասվածքից հետո Սարգիս Հովսեփյանը որոշեց «Ուրալի» ֆուտբոլիստի փոխարեն հավաքական հրավիրել «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանին. վերջինս մրցաշրջանի մեկնարկից առաջ է «Կուբանից» տեղափոխվել երևանյան թիմ: Առաջին անգամ հրավիրված մյուս ֆուտբոլիստն «Արարատի» դարպասապահ Գևորգ Պրազյանն է: